Պետք է ուշադիր լինենք, որ պետությունից չվերածվենք ինչ-որ կազմակերպության շահերի սպասարկման օբյեկտի։
Երևի թե քչերը գիտեն, որ Ջորջ Սորոսն առաջին անգամ ԽՍՀՄ տարածք, այսպես ասած, ներթափանցել է 1983 թվականին և ստեղծել «Մշակութային նախաձեռնություն» («Культурная инициатива») հիմնադրամը: 16.05.1988-ին Սովետական մշակութային հիմնադրամը, Սովետական խաղաղության հիմնադրամը և Սորոսի հիմնադրամը համաձայնագիր են կնքել «Մշակութային նախաձեռնություն» հիմնադրամը ստեղծելու կապակցությամբ: Այս հիմնադրամը ֆինանսավորել է հազարավոր գիտնականների, ուսուցիչների, տարբեր մասնագետների ամբողջ ԽՍՀՄ տարածքում:
Սորոսն իր հեղինակած «Հիմնադրամ Ռուսաստանի համար․ ինչ է եղել և ինչ է լինելու» գրքում մանրամասն ներկայացնում է, թե ինչ բանակցություններ է ունեցել Սովետական Ռուսաստանի ղեկավարության հետ, պատմում է, թե ինչպես էր փորձում բաց հասարակություն ստեղծել ԽՍՀՄ տարածքում: Ի դեպ, Սորոսը հետխորհրդային տարածաշրջանում ամենահաջողվածը համարել է Ուկրաինայում ստեղծած իր ցանցը, որը ներառում է ՀԿ հատվածը, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ և այլն: Բոլորս գիտենք, թե ինչ և ինչպես եղավ Ուկրաինայում, ինչպես նաև դրա հետևանքներն էլ են հայտնի:
Սորոսի հիմնադրամն այնքան խորն ու տարածված արմատներ ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս կամ այն պետությունը խուսափել դրա ազդեցությունից: Գուցե հենց այդ պատճառով է, որ ՌԴ-ում օրենք ընդունվեց, որի համաձայն՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունները դիտարկվում են որպես լրտեսներ: Սա գուցե ծայրահեղական մոտեցում է, բայց մյուս կողմից, երբ ուսումնասիրում ես և հասկանում, թե ինչ հսկայական ցանցի մասին է խոսքը, այլ ելք չի մնում:
Հաշվի առնելով այն, որ Սորոսի հիմնադրամի՝ առաջին հայացքից մարդասիրական գաղափարների համար արվող գործողությունները հետապնդում են բացառապես բիզնես շահ՝ սա փաստում է նաև հենց Սորոսն իր հարցազրույցներում, հոդվածներում, շատ կարևոր է վերահսկման մեխանիզմներ մշակել, եթե չենք ցանկանում, որ ինչ-որ կառույցների բիզնես շահերը վեր դասվեն մեր պետական շահերից: Ի վերջո, ինչքան էլ բարդ լինի, պետք է ընդունենք այն փաստը, որ կապիտալիստական աշխարհում պետական շահերը միշտ էլ ստորադասվում են տրանսազգային կորպորացիաների շահերին, հետևապես ներկայիս Հայաստանում բոլորս պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որպեսզի պետությունից չվերածվենք ինչ-որ կազմակերպության շահերի սպասարկման օբյեկտի:
Այս համատեքստում շատ կարևոր է ամեն կերպ թույլ չտալ տարբեր հիմնադրամներից սնվող կազմակերպությունների, փորձագետների մուտքը պետական կառույցներ, նրանք ուղղակի չպետք է ազդեցություն ունենան կարևոր որոշումներ կայացնելու գործընթացի վրա:
ՀԳ. Ժողովրդավարությունն էլ չպետք է շփոթել ազգային անվտանգության բացակայության հետ․ ի վերջո, պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։)