ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որ ՀՀ և ԱՀ իշխանություններն իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղության, անհարկի տագնապ է առաջացրել: Անհասկանալի է դավադրություններ փնտրելու ցանկությունը, որ նկատվում է:
Իրականում սովորական և տրամաբանական հայտարարություն է, որն արդեն մի քանի անգամ եղել է նախկինում: Բնականաբար, միջազգային հանրության, հատկապես միջնորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների համար կարևոր հանգամանք է կոնֆլիկտող կողմերի միջև թշնամական, ատելության մթնոլորտի թուլացմանն ուղղված քայլերը, այլ կերպ ասած՝ գործընթաց նաև ներքևից:
Ինչու՞, ո՞րն է նման մոտեցման նպատակը: Երկու փոխլրացնող դիտարկում:
1. Քանի որ հասարակությունների ներսում կա անհանդուրժողականություն, ատելություն միմյանց նկատմամբ (բնականաբար, Ադրբեջանում անհամեմատ ավելի մեծ ծավալներով և պետականորեն էլ խրախուսվում է), ապա իշխանությունների համար ցանկացած բանակցային որոշում շատ դժվար է լինելու կայացնել: Միջնորդները սա լավ են հասկանում, հետևաբար նման կոչով են հանդես գալիս պարբերաբար:
2. Արցախա-ադրբեջանական հակամարտությունն իր բնույթով արժեքային է, այսինքն՝ կողմերի շահերը միմյանց նկատմամբ խիստ հակասական են: Քաղաքագիտության մեջ նման կոնֆլիկտները կոչվում են նաև մոտիվացիոն, երբ կողմերը լցված են շահերի անզիջում ամրագրմամբ՝ հաճախ միմյանց ոչնչացնելու մղումով (նորից շեշտեմ՝ Ադրբեջանում անհամեմատ ավելի, քան Հայաստանում ու Արցախում):
Այս տիպի կոնֆլիկտը կարծրացնում է նաև դիրքորոշումները, որոնք տարածվում են այդ արժեքների շուրջ, իսկ արժեքների շուրջ, ինչպես հայտնի է բանակցային տեսության և պրակտիկայի մեջ, չեն բանակցում: Այսինքն՝ արժեքային կոնֆլիկտը թույլ չի տալիս դիրքորոշումների մեղմացում և շահերի համընկնման փնտրում, դիրքորոշումների նահանջի տեղ ուղղակի չի մնում:
Հայտնի քաղաքագետ Ափթերը, օրինակ, նշում էր, որ «արժեքային կոնֆլիկտները» երկարաժամկետ են, և դրանց լուծման լավագույն ուղին այդ տիպի կոնֆլիկտները «շահերի բախման կոնֆլիկտի» վերածելն է (մրցակցություն), որն էլ, ի վերջո, «նախապատվությունների բախման» վերափոխելով, պետք է հասնել համագործակցության:
Դրանցից ելնելով էլ միջնորդները պարբերաբար փորձում են հասարակությունների և պետությունների միջև որոշակի վստահության մթնոլորտ սերմանել: Նրանց հիմնական նպատակն այդ հիմքով արժեքային կամ մոտիվացիոն կոնֆլիկտները վերափոխելն է, որպեսզի հնարավոր լինի մեղմացնել հակադիր շահերը, մոտեցնել դիրքորոշումները, հստակեցնել նախապատվությունները և լուծումների հեռանկար բացել. դա է միջնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների առաքելությունը։