Իմունային համակարգը մեծ դեր է խաղում մեր առողջության հարցում։ Ցավոք սրտի, իմունիտետը շրջապատող միջավայրի եւ ապրելակերպի մի շարք գործոնների պատճառով կարող է թուլանալ։ Մի շարք սննդամթերքներ կարող են օգնել իմունային համակարգը վերականգնելու գործում։

Հավի մսով ապուր

Կոկորդի ցավը մեղմող եւ մարմինը հիդրատացնող հատկություններից բացի՝ հավի մսով ապուրը կարող է ձեր շնչուղիներն առողջ պահել։

Հետազոտողները պարզել են, որ այն զսպում է բորբոքային սպիտակ բջիջների շարժումը, ինչը կարող է օգնել կանխել հարբուխը՝ արգելափակելով բրոնխիալ խողովակներում բջիջների կուտակումը։ Ապուրն էլ ավելի օգտակար կլինի, եթե ավելացնեք սխտոր, գազար, սոխ կամ համեմ։

Բրոկոլի

Բրոկոլին պարունակում է իմունիտետը խթանող այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են վիտամիններ A եւ C–ն, եւ գլուտատիոն հակաօքսիդանտ:

Վերջինս պաշտպանում է մարմինը ազատ ռադիկալներից՝ խթանելով իմունիտետը եւ ամրապնդելով հակաօքսիդանտային պաշտպանությունը։

Նշենք, որ արդյունքի հասնելու համար նախընտրելի է բրոկոլին հում ուտել, սակայն եթե չեք կարողանում, կարող եք բրոկոլիից թարմ աղցան պատրաստել՝ ավելացնելով մանրացված պանիր եւ այլ բանջարեղեններ։

Սարդինաձուկ

Յուղոտ ձուկը հարուստ է օմեգա–3 ճարպաթթուներով, որոնք օգնում են կրճատել սրտի հիվանդության հավանականությունը եւ մարմնի բորբոքումը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա–3 ճարպաթթուներն ամրապնդում են իմունիտետը՝ ընդլայնելով իմունային բջիջների գործունեությունը։

Այս առումով սարդինաները գերազանցում են օմեգա–3 ճարպաթթուներով հարուստ սաղմոն, թունա եւ իշխան ձկներին։

Սարդինաները ոչ միայն հարուստ են վերը նշված տեսակի ճարպաթթուներով, այլեւ իրենց փոքր չափերիի շնորհիվ շատ քիչ քանակությամբ աղտոտիչներ են պարունակում, որոնցից է, օրինակ, սնդիկը։

Յոգուրտ

Կանոնավոր ուտելով «լավ մանրէներ» (կամ պրոբիոտիկներ)՝ դուք կարող եք կարգավորել մարսողությունն ու ամրապնդել իմունային համակարգը։

Օրական 7 ունցիա յոգուրտ ուտելն այնքան արդյունավետ է իմունիտետը բարձրացնելու համար, որքան դեղահաբերը։ Յոգուրտը եւ կաթնամթերքը պարունակում են նաեւ D վիտամին, որը կրճատում է գրիպի եւ հարբուխի հավանականությունը։

Սակայն պետք է խուսափել շաքարավազ եւ արհեստական քաղցրեցուցիչներ պարունակող յոգուրտներից։ Փոխարենը նախընտրեք պարզ յոգուրտներ եւ ավելացրեք ձեր սեփական քաղցրեցուցիչները՝ հատապտուղներ, չրեր կամ էլ մի քիչ մեղր։

Սունկ

Սնկերը նույնպես իմունային համակարգը խթանող հատկություններ ունեն։ Դրանք հարուստ են սելենիումով, վիտամին B–ով եւ հակաօքսիդանտներով։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սնկերը բարձրացնում են արյան սպիտակ բջիջների արտադրությունն ու ակտիվությունը, որը շատ կարեւոր է վարակների դեմ պայքարելու համար։

Թեյ

Թե´ կանաչ, թե´ սեւ թեյն օգտակար են իմունիտետի համար։ Դրանք մատակարարում են հիվանդությունների դեմ պայքարող հակաօքսիդանտներ՝ պոլիֆենոլներ եւ ֆլավոնոիդներ, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալներից եւ օգնում ոչնչացնել դրանք։

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկու շաբաթ շարունակ օրական 5 բաժակ սեւ թեյ խմող մարդիկ տասն անգամ ավելի շատ են իրենց արյան մեջ վիրուսի դեմ պայքարող ինտերֆերոն ունեցել, քան այլ տաք ըմպելիքներ օգտագործող մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել