Հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը նոր հեղինակային նախագիծ է սկսում, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին: «Ladies First» հեռուստաշոուն նվիրված է կանանց,  քննարկվելու են կանանց հետաքրքրող թեմաներ. «Հաղորդման առաջին հատվածում կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր փոքրիկ հնարքներ կսովորեցնեն, օրինակ` դիմահարդարում, ինչպես գեղեցիկ սանրվածք անել կամ ինչպես արագ զգեստ ձևել: Երկրորդ հատվածը հարցազրուցային ֆորմատի է․ ես և հրավիրված հյուրը կխոսենք ավելի լուրջ թեմաներից` կնոջ հոգեբանություն, երեխայի դաստիարակություն, գինեկոլոգիա, իսկ վերջին հատվածում կառաջարկենք տարբերակներ, թե ինչպես կարելի է լիցքաթափվել»:  

Սվետլանան նշում է, որ մայրանալուց հետո և հղիության ամբողջ ընթացքում չի դադարել նկարահանվել, բայց հասունացել էր միանգամայն այլ խնդիրներ քննարկելու, նոր հարցադրումներ անելու և նոր պատասխաններ որոնելու պահը. «Քանի որ Ամերիկայի հայկական հեռուստատեսության մեջ նկատվում էր նման նախագծի բաց, և ես էլ կյանքի նոր փուլում մի շարք պատասխանների փնտրտուքի մեջ էի, հասկացա, որ սեփական որոնումներս կարող են օգտակար լինել շատ ու շատ այլ կանանց, և կարելի է այդ ամենը էկրանավորել ու մատուցել հեռուստատեսային ձևաչափով»:

Հաղորդավարուհու խոսքով՝ «Ladies First»-ի շրջանակներում յուրաքանչյուր կին կգտնի իրեն հետաքրքրող թեմա, քանի որ այն բազմաբովանդակ է լինելու: Սվետլանան հաղորդման հեղինակն է, բայց նախագծի վրա մեծ թիմ է աշխատում, և յուրաքանչյուրը լավ տիրապետում է իր աշխատանքին ու կատարում այն մեծագույն հաճույքով:

«Կինն իր պահանջներով մնում է կին այնպիսին, ինչպիսին երեկ էր, այսօր է ու վաղը կլինի: Նա շարունակում է փնտրել արտաքին տեսքի և հոգեկան աշխարհի ներդաշնակության ճանապարհները: Նա ամբողջ ուժով ու էներգիայով անում է առավելագույնն իր ընտանիքի և շրջակա միջավայրի բարօրության համար և, իհարկե, այդ ամենի հետ մեկտեղ փորձում է մնալ կենսուրախ, առողջ, խնամված և ազատ: Պարզապես ժամանակի հետ փոխվում են կնոջ և, առհասարակ, ամբողջ մարդկության պահանջները բավարարելու տարբերակները: Ամեն օր խնամքի նոր միջոցներ են դուրս գալիս շուկա, հոգեբաններն ու սոցիոլոգները նորանոր ուսումնասիրություններ են ներկայացնում հանրությանը կնոջը հուզող զանազան թեմաների շուրջ, և ավելի ու ավելի բովանդակալից ժամանցի տարբերակներ են ի հայտ գալիս: Այլ կերպ ասած՝ հարցերը մնում են հիմնականում անփոփոխ, բայց պատասխանները ժամանակի հետ փոխվում են: Իսկ ի՞նչ է պետք կնոջը: Պատասխանը միանշանակ է` քայլել ժամանակին համընթաց: Հենց այս պատասխանների մերօրյա նոր ցանկն է ամփոփվելու «Ladies First» հեռուստաշոուի շաբաթական թողարկումների ընթացքում»:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է լինելու նաև կենցաղին, որից խուսափելը, ինչպես նշում է Սվետլանան, ավելի բարդ հետևանքների կհանգեցնի. «Կենցաղային հոգսերը որոշ իմաստով ավելի հետաքրքիր են դարձնում մեր առօրյան: Պետք է պարզապես չխուսափես ու հստակ քայլերով լուծես բոլոր խնդիրները: Իմ կարծիքով` իմաստուն կինը շատ հոգսեր ուղղակի հաճելի զբաղմունքի կվերածի: Ինձ համար կարևորն այն է, որ առօրյայիս հավասարակշռությունը պահպանվի, ճիշտ բաշխվեն ամեն ինչին հատկացվող ժամերը: Կինը պետք է կարողանա ցուցաբերել ճկունություն, որպեսզի տարբերակի իր գործերի, ծրագրերի, ընտանիքի ու աշխատանքի առաջնահերթությունները: Այդպիսի կանանց համար «անհնարին է», «չեմ հասցնում», «չեմ կարող», «չեմ դիմանում» մտքերը գոյություն չունեն»:

Իսկ ինչ վերաբերում է արդեն կնոջ ժամանցին, այն կարող է լինել տարբեր՝ կախված տրամադրությունից, հնարավորություններից և նախասիրություններից. «Մայր դառնալու հանգամանքը երբևէ որևէ կնոջ չպետք է զրկի հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքից կամ կյանքը լիաթոք վայելելու հաճույքից, հակառկակը` երեխան գալիս է՝ ամբողջացնելու կնոջ էությունը: Ասեմ ավելին` երեխայի հետ լավ ժամանցավայրում ևս կարելի է անմոռանալի ակնթարթներ ունենալ: Շատ մայրիկների է հուզում այս հարցը, և էլի գալիս եմ մեր նախագծին` «Ladies First»-ը նաև այստեղ օգնության կհասնի` տալով «ի՞նչ անել», «ու՞ր գնալ» հարցերի պատասխանը»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
 Դիմահարդար` Մարինա Ստեփանյան
  Լուսանկարները` Մանե Մարտիրոսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել