168.am-ը գրում է.

Տնտեսական ակտիվության ցածր մակարդակը ստիպում է Կենտրոնական բանկին ռիսկի գնալ. մինչ առաջատար երկրները շարունակում են խստացնել դրամավարկային քաղաքականության պայմանները, Հայաստանի գլխավոր դրամատունը հակառակ ուղղությամբ է շարժվում` մեծացնելով գների կայունության ապահովման ռիսկերը։

Անշուշտ, գնաճի մակարդակն այս պահին Հայաստանում այնքան էլ բարձր չէ, ինչից փորձում է օգտվել Կենտրոնական բանկը։ Ամեն դեպքում, դա դեռ չի նշանակում, թե այս առումով խնդիրներ չկան։ Դրանք առաջիկայում անպայման զգացնել կտան։

Թե որքանո՞վ արդարացված կլինի Կենտրոնական բանկի այս քաղաքականությունը, ցույց կտա ժամանակը։ Մի բան ակնհայտ է, որ այն բխում է առաջին հերթին՝ տնտեսական միջավայրում ձևավորված իրավիճակից։

Տնտեսության զարգացման միտումները Հայաստանում գոհացուցիչ չեն։ Իշխանափոխությունից հետո ցուցանիշները ոչ միայն չեն բարելավվում, այլև հետընթաց է գրանցվում։ Մինչ կառավարությունը խնդիր ունի արդարացնելու հասարակության շրջանում ձևավորած սպասումները, իրավիճակը երկրում գնալով վատանում է։ Առայժմ չի հաջողվում բեկում մտցնել տնտեսական զարգացման գործընթացներում։

Սա, ըստ էության, սկսել է մտահոգել նաև Կենտրոնական բանկին։ Վերջինս փորձում է իր գործիքներով օժանդակել կառավարությանը` խթանելու տնտեսական ակտիվությունը։

Բավական երկար ընդմիջումից հետո ԿԲ խորհուրդը թուլացրեց դրամավարկային քաղաքականության պայմանները։ Որոշվեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6-ից՝ դարձնելով 5,75 տոկոս։

Սրանով, բնականաբար, անհամեմատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում՝ ինչպես վարկային շուկայի ակտիվացման, այնպես էլ՝ տնտեսության մեջ ֆինանսական հոսքերի մատչելիության բարձրացման համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մի գործիք է, որ խթաններ է ստեղծում տնտեսության մեջ` էժանացնելով փողը։

Թեև Կենտրոնական բանկի խորհուրդը փորձել է հնարավորինս պահպանել զգուշավորությունը, այնուհանդերձ, նրա այդ քայլն աննախադեպ է վերջին երկու տարիների կտրվածքով։ Բավական երկար ժամանակ ԿԲ-ն խուսափում էր գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման` չնայած գնաճի ցածր մակարդակին։ Վերջին անգամ այն վերանայվել է 2017թ. փետրվարին։ Այսինքն`գրեթե երկու տարի առաջ, երբ Կենտրոնական բանկը 0,25 կետով նվազեցրեց փողի գինը։ Թեև այն ժամանակ և հիմա գնաճի ցուցանիշով տարբերությունն ահռելի է։

Նախորդ վերանայման ժամանակ Հայաստանում գնաճ չկար։ Նույնիսկ գնանկում էր։ Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է` անցած տարվա դեկտեմբերին 12-ամսյա հատվածում արձանագրվեց 1,8 տոկոսանոց գնաճի մակարդակ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը գլխավոր դրամատունը փորձել է հիմնավորել արտաքին և ներքին միջավայրից թելադրված գնաճային բարենպաստ միջավայրով։ Թեև հասկանալի է, որ նման քայլի գնալու հիմնական դրդապատճառը եղել է տնտեսության ոչ այնքան բարվոք վիճակը։

2018թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակել է թույլ լինել, արձանագրել է Կենտրոնական բանկը։

Տնտեսական գործընթացները Հայաստանում սկսեցին թուլանալ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Առանձին ամիսներին ակտիվության անկում արձանագրվեց։ Այդպես էլ մինչև տարեվերջ կառավարությանը չհաջողվեց շտկել իրավիճակը։ Արդյունքում՝ զգալիորեն տուժեց տնտեսական աճը։ Առաջին կիսամյակի 8,3 տոկոսի դիմաց՝ տարեկան կտրվածքով ԿԲ սպասումները 5 տոկոսի շրջանակներում են։

Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց այն թելադրված է հիմնականում տարեսկզբի ակտիվ դրսևորումներով։ Փոխարենը` տարվա երկրորդ կեսը տնտեսության համար առանձնացավ զարգացման շատ ավելի դանդաղ տեմպով։

Այդ միտումը, ըստ էության, պահպանվում է նաև ընթացիկ տարվա սկզբին։ Թերևս, դա էլ ստիպում է մտածել գոնե թե ֆինանսական գործիքներով տնտեսության համար լրացուցիչ խթաններ ստեղծելու մասին։ Չնայած ժամանակ է պետք, որպեսզի տնտեսությունը զգա դրա ազդեցությունը։

Անցած տարվա տնտեսության զարգացումների վրա բացասական ազդեցություն թողած հիմնական գործոններից մեկը, Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով, եղել է կառավարության կողմից իրականացված զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը։ Մի բան, ինչը հանգեցրել է համախառն պահանջարկի թուլացմանը։ Կրճատվել են, մասնավորապես, պետական բյուջեի ծախսերը` պայմանավորված պլանավորված ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքով։

Գնաճի նախատեսվածից ցածր մակարդակի ձևավորման գործում որոշակի ազդեցություն են ունեցել նաև մասնավոր հատվածի ծախսումները, որոնց աճը ևս դանդաղել է։

Կենտրոնական բանկի կարծիքով՝ այս իրավիճակը սպառողական շուկայում առաջիկա ամիսներին կշարունակի պահպանվել։ Գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։

Նման գնահատականի հիմքերը կապվում են արտաքին և ներքին շուկաների միտումների հետ` «Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշակի թուլացման նշաններ են ցույց տալիս թե՛ առաջատար, և թե՛ զարգացող երկրներում, իսկ առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում են գնաճային միջավայրի թուլացման միտումները, ինչից ելնելով՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»:

Կենտրոնական բանկը գնաճի թուլացմանը նպաստող գործոններ է տեսնում նաև ներքին միջավայրում։ Թե որո՞նք են նման լավատեսության հիմքերը, դժվար է ասել։

Ամեն դեպքում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում վերջին շրջանում ձևավորվել են գնաճային բավական լուրջ ռիսկեր։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին՝ հացին և հացամթերքներին, որոնք թանկացման միտումներ են դրսևորում` կապված ներմուծման գների բարձրացման հետ։ Հաշվի առնելով, որ հացամթերքների ներքին գնաճը դեռևս բավականաչափ հեռու է՝ արտաքինի համեմատ, այստեղ առաջիկայում կարող ենք նոր և ավելի խորքային զարգացումների ականատես լինել։

Գնաճային ռիսկեր կան նաև բազմաթիվ այլ ապրանքային շուկաներում` պայմանավորված՝ ինչպես տարեսկզբից գործողության մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխություններով, այնպես էլ՝ երրորդ երկրներից ավելի քան 580 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել