168.am-ը գրում է.

Հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից մեկ շաբաթ անց Դավոսում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ հանդիպումը։

Արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության։ Իսկ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ալիևի հետ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, և հանդիպման ընթացքում քննարկել են բանակցությունների պատմությունը։

Այս հանդիպումների և բանակցային գործընթացին վերաբերող ներկա փուլի վերաբերյալ 168.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։

– Պարոն Ջամալյան, բանակցային գործընթացի ներկա փուլից ի՞նչ ակնկալիքներ ունեք, հատկապես՝ այն դեպքում, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը որոշ չափով մեղմացել է։

– Չկա որևէ հիմք ենթադրելու, թե առաջիկայում բանակցային գործընթացը կարող է արդյունավետ ընթացք ստանալ։ Հնարավոր առավելագույնը կարող է լինել սահմանին լարվածության աճ թույլ չտալը։ Անցյալ դեկտեմբերին Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հստակ, տարընթերցումների տեղ չթողնելով, հայտարարեց բանակցային գործընթացում առաջիկա զարգացումների իրենց ակնկալիքի մասին, այն է՝ «հայկական ուժերը պետք է դուրս գան իրենց չպատկանող տարածքներից»։

Այսինքն՝ Բաքվի դիրքորոշումները ոչ միայն չեն փոխվել, այլև այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի իշխանության գալու հետ ալիևյան վերնախավը որոշակի հույսեր է տածում։ Հավանաբար նման «լավատեսության» համար հիմք է հանդիսանում այն, որ տարիներ շարունակ սեփական պարբերականում Փաշինյանը պարբերաբար կողմ է արտահայտվել տարածքային զիջումների գաղափարին։

Իհարկե, հանուն արդարության՝ պետք է նշել, որ 2018-ի ապրիլ-մայիսյան զարգացումների ընթացքում Փաշինյանը երբեք չի արտահայտվել տարածքային զիջումների օգտին։ Այդուհանդերձ, կարծես թե Բաքվում՝ ի դեմս Փաշինյանի, ընկալում են մեկին, ով կարող է գնալ տարածքային զիջումների, ինչը վտանգավոր է։ Թե՛ գործընկեր երկրների, և թե՛ հակառակորդի մոտ նման տպավորություն չպետք է ստեղծվի, քանզի ճնշումները բանեցնում են այն կողմի վրա, որն ի սկզբանե հակված է զիջումների։

Առհասարակ, թե՛ գործընկեր, թե՛ հակառակորդ պետություններում պետք է հստակ գիտակցեն. ազատագրված հայրենիքի տարածքները հակառակորդին հանձնելու իշխանության մտադրությունն անգամ մեզանում կառաջացնի պայթյուն։

Տարածք հանձնելը նշանակում է՝ պատերազմ, արյունահեղ պատերազմ։ Ըստ այդմ՝ Հայաստանում ոչ մի իշխանություն չի կարող բառի բուն իմաստով դեմ գնալ ժողովրդի կամքին, վտանգել սերունդների ապագան ու երկիրը դարձնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի թիրախ։ Հուսալի խաղաղության հաստատուն երաշխիքն Արցախի ներկա սահմաններն են։

Եվս մեկ նկատառում՝ փաստ է, որ վարչապետ Փաշինյանի և իր թիմի ժողովրդականությունը գահավիժում է։ Բնականաբար, վարկանիշի նման կտրուկ անկման պայմաններում Փաշինյանի համար սկզբունքորեն կարևոր է, որպեսզի մեր երկրում, մեր հանրային ընկալումներում տպավորություն չստեղծվի առ այն, թե նա մեկն է, ով գնալու է մեզ համար կործանարար տարածքային զիջումների։ Տվյալ դեպքում, սակայն, ամենակարևորը վարչապետի և իր թիմի կողմից այդ տարածքային զիջումների ողջ վտանգավորության ըմբռնումն է, որը պետք է հանրության համար ակնհայտ լինի։

– Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, ըստ որի` ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության: Ի՞նչ ճանապարհով պետք է այդ խաղաղությունը հաստատվի։

– Մեր գործընկերների համար պետք է հստակ լինի՝ մեր ժողովուրդը հասուն է այնքան, որպեսզի հասկանա, որ խաղաղության պատրաստելու անվան տակ մեզ կոչ են անում տարածք հանձնել, այսինքն՝ հրաժարվել խաղաղության իրական երաշխիքից։ Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք ցանկանում ենք խաղաղ ապրել ազատագրված հայրենիքում։ Մեր հանրության համար այսօր արդեն աներկբա է, որ խաղաղության համար հարկավոր է տեր կանգնել Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքին, անխախտ պահել Արցախի ներկա սահմանները, որոնք ձևավորվել են երկու ադրբեջանական ագրեսիայի դիմակայելու արդյունքում։ Վստահ եմ՝ մեր հասարակությունը «խաղաղության պատրաստելու անվան տակ տարածք հանձնելու գաղափարը հասունացնելու մանիպուլյացիային չի տրվի։

– Պարոն Ջամալյան, արդեն հստակ է, որ հայկական զորախումբ պետք է մեկնի Սիրիա: Կարծիքներ են հնչում, որ այն կարող է վտանգավոր լինել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ գործունեություն պետք է ծավալեն Սիրիայում։ Այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

– Ենթադրում եմ, որ նման հարցադրում հայ-ռուսական դաշնակցային օրակարգում առկա է եղել նաև նախկինում, սակայն նման որոշում կայացրեց նոր իշխանությունը։ Ռուսական կողմի համար կարևոր է ստանալ դաշնակցի ռազմաքաղաքական գործուն աջակցությունն իր համար կարևոր այնպիսի հարցում, ինչպիսին է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը։

Ասեմ ավելին՝ այո՛, Սիրիայում պետականության անկում թույլ չտալը, ահաբեկչական խմբավորումների ոչնչացումն աներկբայորեն բխում է նաև մեր երկրի շահերից։ Բոլորովին այլ հարց է, որ ելնելով ադրբեջանական ագրեսիայի իրական սպառնալիքից՝ մեր երկրի ողջ ռեսուրսներն ուղղված են այն կանխելուն։

Նման պայմաններում Սիրիա զորախումբ ուղարկելը՝ անկախ այդ զորախմբի թվաքանակից ու կատարելիք գործառույթներից, անշուշտ, մեզ համար «ինչ-որ շարքային» ձեռնարկ չէ։ Մնում է միայն հուսալ, որ մեր այդ քայլի դիմաց ռուսական կողմն ընդառաջ է գնացել մեզ համար սկզբունքային ինչ-որ այլ հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել