Life.panorama.am-ը գրում է.
Շիրվանզադեի «Քաոս»-ը փետրվարի 4-ից կհայտնվի Հանրային հեռուստաընկերության էկրաններին: 16 սերիայից բաղկացած ֆիլմում հայտնի վեպի հերոսներին կմարմնավորեն Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Մանուկյանը և այլք:
Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ ֆիլմում նկարահանվելու առաջարկի, կերպարի և այլնի մասին. «Առաջարկը ստացել եմ ֆիլմի ռեժիսորից՝ Հայկ Կբեյանից: Մարմնավորում եմ Անուշի կերպարը»,- պատմեց Էմման և շարունակեց. «Շատ եմ սիրում այս վեպը: Դեռ դպրոցական տարիքում եմ այն ընթերցել, չնայած որ ֆիլմի նկարահանումներից առաջ վերընթերցեցի այն: Կարծում եմ՝ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի դիտել այն, ամեն դեպքում լավն այն է, որ սկսել ենք անդրադառնալ դասականներին»,- ասաց դերասանուհին:
Նրա խոսքով՝ «Քաոս»-ը ֆիլմում 19-րդ դարը տեղափոխվել է 21-րդ դար: Սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, ով բնագրից շատ չի շեղվել: «Ֆիլմում ժամանակաշրջանը պահված չէ, նկարագրվում են մեր օրերը: Այսինքն՝ սցենարն այնպես գրված չէ, ինչպես որ գրքում, փոփոխություններ կան, թեպետ կերպարների անունները և նրանց հետ կատարվող իրադարձությունները նույնն են: Մենք՝ դերասաններս, փորձել ենք հնարավորինս մոտ մնալ կերպարներին, իսկ թե դա որքանով է մեզ հաջողվել, կերևա մարդկանց արձագանքներից և կարծիքներից»,- նկատեց Էմմա Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ