168.am-ը գրում է.

Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Բոստանջյանը կարծում են, որ պարգևավճարներ պետք է ստանան նրանք, ովքեր նվիրված են գործին և արժանի են:

«Ժողովուրդը ձեզ լիազորել է աշխատել, ոչ թե պարգևավճար ստանալ: Մարդն ինքն իրեն պարգևատրում է. ով նշանակել էր, նա էլ թող պարգևատրեր: Մենք դեռ չենք սահմանել ամեն մեկի պարտավորությունն ու պատասխանատվությունը: Ասում են՝ եկամուտները քիչ են, դրա համար: Առաջին հերթին՝ երեք միլիոնի, աղքատ զանգվածի մասին մտածեք, նոր՝ ձեր: Ցանկացած իրեն հարգող մարդ առաջին հերթին, առանց որևէ շահադիտական նպատակների, նվիրվում է իր երկրի զարգացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պարգևավճարների մասին՝ ասաց Վարդան Բոստանջյանը:

Թաթուլ Մանասերյանն էլ ասաց՝ ինքը դեմ չէ, որ պարգևավճարներ լինեն, սակայն, նրա խոսքով, պետք է արժանիներին պարգևատրել:

«Պետք է չափորոշիչներ լինեն՝ գնահատելու արդյունավետ աշխատանքը: Ասում են, թե՝ տեսե՛ք, քաղաքապետն ինքն իրեն չպարգևատրեց, բայց մյուսներին պարգևատրեց: Ինձ մոտ հարց է առաջանում: Միգուցե նրանց թվում կային այնպիսիք, ովքեր ավելին պետք է ստանային, կամ կային մարդիկ, ովքեր սուրճ խմողնե՞ր էին: Եվ հետո, ինչպե՞ս են տարբերակում, եթե մինչ օրս դեռ իներցիոն ուժով պետական կառույցներում 1 կամ 2 հոգի ամբողջ պատասխանատվության բեռը վերցնում են իրենց վրա, մյուսներն իմիտացիա են ստեղծում:

60 տոկոս աղքատություն ունեցող երկիր ենք, ունենք աշխատող աղքատներ: Եթե չենք ուզում գնալ բևեռացման ճանապարհով, ապա պետք է միջին խավի ձևավորման հիմքում դնենք սոցիալական արդարության սկզբունքը: Ծիծաղ ու ցավ է առաջացնում, երբ գերատեսչության ղեկավարն ասում է՝ քարտուղարուհիս 9-ից գալիս ու ամբողջ օրն աշխատում է, դրա համար 180 տոկոսով պարգևավճար ենք տալիս:

Այդ տեսակ վայ-ղեկավարներին ուղղակի առաջարկում եմ քարտուղարներին պետական մրցանակի տանել ու ներկայացնել: Հերոսություն է արդեն դարձել ժամանակին աշխատանքի գնալն ու նվիրվելը: Տարիներով մենք կեսգիշերից շուտ տուն չենք գնացել: Ծրագիր ենք մշակել ու պատասխանատվություն ենք ունեցել: Չեմ ուզում նախորդ իշխանության ժամանակ եղած ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն ցատկ կատարենք: Խորհրդային տարիներին միակ սեփականության ձևը պետական սեփականությունն էր, ցատկեցին մասնավոր ու մոռացան, որ կա խառը, բաժնետիրական սեփականություն:

Այժմ ձևավորվել է շնորհալիներին չտեսնելու մշակույթ: Եթե կառավարությունն ունի համարձակություն և շիտակ նպատակներ, վերջապես թող կիրառի մրցույթի ինստիտուտը: Թող գան շնորհալիները: Չի՛ կարելի այս վիճակը շարունակել: Սա գիտությանն էլ է վերաբերում: ԳԱԱ-ն, որը ղեկավարում է երկիրը քոսոտ անվանած անձնավորությունը, նոր Հայաստանի օրոք նա տեղ չունի: Ինչո՞ւ են հանդուրժում նման անձանց ու այդ համակարգը: Ինչո՞ւ եք հանդուրժում, սիրելի՛ նոր Հայաստանի ղեկավարներ: Միջին սերունդ չկա՞, միայն ծերանոցի՞ց պետք է բերենք մարդկանց:

Ես նորմալ չեմ համարում նաև այն, որ ԿԳ նախարարի մոտ գնալու, ոլորտի բարելավման մասին խոսելու համար մարդ պետք է մեջտեղ գցես, աղերսես»,- նշեց տնտեսագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել