Armeniasputnik.am-ը գրում է.

Բանգալդեշցին համոզված է, որ Երևանի «Բանգլադեշի» շենքերի վրա ծածանվում են իրենց երկրի դրոշները։ Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը սեփական աչքերով է տեսել այն երկիրը, որի անունով թաղամաս կա Հայաստանի մայրաքաղաքում։

Վայրեջքի ակնթարթին թվաց, թե օդում թթվածինը փոխարինվեց բանեցված գազերով, օդանավակայանն ասես մի մեծ արտաժայթքման կափույր դարձավ:

Уличное движение в Дакке, Бангладеш
– Պարոն, ես ընդամենը մի քանի կոպեկով պատրաստ եմ «առաջ գցել» ձեր հերթը», - վիզա ստանալու հերթում ականջիս շշնջաց օդանավակայանի աշխատակիցը:

– Ու՞ր է իմ ուղեբեռը, - բողոքեցի ես։

– Ներեցե՛ք, միջատների դեմ քսուք ունե՞ք,–հարցրեց մի տղամարդ։

– Ունեի, բայց մնացել է ճամպրուկիս մեջ,– աջ ձեռքը ձախով քորելով պատասխանեց տիկինը:

– Բանգլադեշը ողջունում է Ձեզ, - հայտարարեց օդանավակայանի ժպտադեմ հյուրընկալը:

«Բարի գալուստ 3-րդ աշխարհ»,– մտքումս նրան ուղղեցի ես` քաջ գիտակցելով, որ ոտք եմ դրել երկիր, որն ամբողջ Երկիր մոլորակում առաջատար դիրք ունի աղքատության, օդի և շրջակա միջավայրի աղտոտվածության, 
կոռուպցիայի, խտաբնակեցվածության, ճանապարհային խցանումների, կյանքի տևողության և բոլոր այլ հնարավոր բացասական չափորոշիչներով ու ինդեքսներով:

«Ժողովրդավար» երթևեկություն

Հյուրանոց տանող 38 կիլոմետրանոց ճանապարհը տևեց 3 ժամ. ճանապարհային երթևեկության կանոնների մասին այստեղ այլ պատկերացում ունեն. Բանգլադեշի փողոցներում անդադար աղաղակում են մեքենաները, լուսացույցի կարմիր լույսը կամ զոլավոր անցուղին բացառապես ձևական բնույթ ունեն, անկոտրում վարորդին միայն կարող է կանգնեցնել մարդու հայտնվելը անմիջականորեն մեքենայի դիմաց, այն էլ ՝ ոչ միշտ:

Мост через реку Буриганга. Дакка, Бангладеш

Տեղացի ուղեկցորդը պատմեց, որ անցյալ տարի այս նույն օրերին մայրաքաղաք Դաքքայի փողոցները լցված էին ուսանողների հոծ բազմությամբ, քանի որ մի քանի ուսանողներ նույն օրում անկանոն փողոցային երթևեկության հետևանքով վրաերթի էին ենթարկվել: Ուսանողները կառավարությունից պահանջում էին երթևեկության խիստ կանոններ գործարկել: Ու թվում էր, թե քաղաքացիական շարժումը պետք է հասներ արդյունքի, այն էլ նման տարրական պահանջի դեպքում, բայց տեղի ունեցավ անսպասելին՝ մի քանի օր անց Դաքքայում երթևեկությունը «կանգնեց». փողոց դուրս եկան վարորդները` սպառնալով կարգուկանոնի հաստատման դեպքում հրաժարվել մեքենա վարելուց, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա հասնել Ա կետից Բ կետ՝ աշխատանքի, հիվանդանոց, դպրոց, շուկա և այլ՝ առաջին անհրաժեշտության վայրեր: Կառավարությունն էլ կուլ գնաց վարորդների պահանջներին, քանի որ ուսանողների թիվը տասնյակ հազարների էր հասնում, իսկ վարորդներինը՝ հարյուր հազարների:

Մինչ մենք՝ պատմության ունկնդիրներս, ապուշ կտրած լսում էինք այս պատմությունը, ուղեկցորդին սփոփում էի միայն այն միտքը, որ իրենց երկիրը որդեգրել է ոչ թե տոտալիտար, այլ ժողովրդավարական ուղի՝ թեկուզև նման տմարդի և ապշահարույց դրսևորումներով:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել