«Առավոտն» իր խմբագրականում գրել է. «Ի՞նչ գործ ունեն քահանաները դպրոցում» հարցը, որը վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձավ, ունի բազմաթիվ պատասխաններ՝ սկսած Սահմանադրության վկայակոչումից, վերջացրած բարձրագոչ բարոյական խրատներով...
Նույնը՝ հոգևոր դաստիարակությունը: Ես ուզում եմ, որ իմ երեխայի հետ շփվի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ եթե նա իսկապես նվիրված է իր ծառայությանը: Ես չէի ուզենա, որ հոգևոր թեմայով իմ երեխաների հետ զրուցի հին մտածողությամբ դասատուն, որին պարզապես հավելյալ «ժամեր են գրել»՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տեսքով, դա երեխաներին աթեիստ դարձնելու ամենաուղիղ ճանապարհն է: Իսկ շփվելու թեման չպիտի լինի այն, թե երբ, որ թվին որ կաթողիկոսն է որ աթոռը կամ հակաթոռը հիմնել, դրա համար կա հայ ժողովրդի պատմություն:
Թեման պետք է լինի այն, ինչ միավորում է բոլոր հիմնական հոգևոր ուսմունքները՝ բարություն, սեր, կարեկցանք, աշխատասիրություն, ինչպես նաև՝ ատելության, նախանձի, խանդի, ցասման մերժում: Բայց շատ հնարավոր է, որ լինեն ծնողներ, որոնք այդ ամենի մասին լսել անգամ չեն ուզում: Թող հայտարարեն, որ նրանք այլ արժեքներ են դավանում և չթողնեն իրենց երեխաներին այդ դասերին: Ամեն մեկի որոշելիքն է:
...Կիրակի իմ տան դուռը թակեցին երկու լավ հագնված և լավ շպարված կանայք և ասացին, որ նրանք մտածում են Աստծո որոշումների մասին: Ես ներողություն խնդրեցի և դուռը փակեցի: Ես էլ եմ մտածում, բայց՝ միայնակ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: