«Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի: Տևական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ:
Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկայագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է:
Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, որը հաստատեց տեղեկությունները՝ ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով:
«Եվ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել»,- ասաց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: