Կոլումբիական Արմենիա քաղաքն իր անունը ստացել է 1880 թվականին մի կալվածքի անունից, որի տերերը եղել են հայեր, ովքեր եկել էին Հարավային Ամերիկա: Քաղաքի կարգավիճակ ստացել է իր հիմնադրումից 9 տարի անց:
Բնակիչների թիվն արագ ավելանում էր, և իշխանությունները 1889 թվականի հոկտեմբերի 14-ին Արմենիան ճանաչեցին որպես գործող քաղաք: Սկզբնական շրջանում նոր բնակավայրն անվանեցին Վիլա Օլգին (իսպ. Villa Holguín) այդ ժամանակ գործող նախագահի` Կարլոս Օլգին Մալյարինոյի պատվին:
Ամբողջ աշխարհը ողողած Համիդյան կոտորածի, այնուհետև Թուրքիայում 1915 թվականին հայերի ցեղասպանության մասին լուրերի տպավորության տակ շուտով քաղաքը վերանվանեցին Արմենիա` նահատակված հայերի պատվին։
Ինչպես այլ կոլումբիական քաղաքներ, որոնք, ավանդույթի համաձայն, ունեին կրկնակի անուններ, Արմենիան նույնպես ունի երկրորդ անունը՝ «Հրաշքների քաղաք» (ciudad de los milagros), որը նա ստացել է արտասովոր, արագ զարգացման համար, որին օժանդակել են քաղաքի բնակիչները:
Սուրճի համաշխարհային հռչակը Կոլումբիայի համար դարձավ իսկական տնտեսական հրաշք և հատկապես այն շրջանների համար, որտեղ աճում էր սուրճը: Արմենիայում գործնականում գրեթե բացակայում է աղքատությունը, չնայած տեղի բնակիչները չեն սիրում չափից ավելի շքեղություն:
Ներկայումս Արմենիան կոլումբիական բոլոր նահանգների մայրաքաղաքներից ամենաերիտասարդն է, երկրի տնտեսապես ամենաբարգավաճ շրջանի կենտրոնն է:
Կլոր տարվա մեղմ, տաք կլիման ստեղծում է իդեալական պայմաններ այդ շրջանում սուրճի էլիտար տեսակների աճեցման համար: Պատահական չէ, որ Արմենիան անվանում են Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաք» (Capital cafetera)։