Հաճախ ծնողները ցանկանում են իրենց երեխային բացառիկ անունով տալ, սակայն ոչ միշտ է ստացվում։ Մի շարք երկրների կառավարություններ փորձում են ազատել նորածիններին ապագայում հնարավոր անհարմար իրավիճակներից և անգամ ստեղծում են արգելված անունների ցանկ։ Բնականաբար, նրանց մոտեցումները տարբեր են, և եթե Ֆրանսիայում ձեզ կարգելեն երեխային որևէ վիրավորական անուն տալ, ապա Սաուդյան Արաբիայում թույլ չեն տա երեխային անվանել Թագուհի, չնայած որ անունն ընդհանրապես վիրավորական չէ։

Շատ երկրներում մանկական անունները կարգավոող օրենքները սկիզբ են առնում շատ պարզ սկզբունքից. անունը չպետք է հնչի որպես վիրավորանք, ինչպես նաև ապագայում երեխայի համար ոչ մի խնդիր չպիտի առաջացնի։ Սակայն որոշ երկրներում այս արգելքը կարող է տարածվել նաև հասարակ անունների վրա, քանի որ դրանք կարող են խախտել մշակութային ավանդույթները։

Ֆրանսիա

Մինչ 1993 թվականը երեխաների անունների ընտրությունը կարգավորվում էր դեռևս Նապոլեոն Բոնապարտի ժամանակ ընդունված օրենքով։ Այն որոշում էր, թե որ անուններն են համարվում ընդունելի։ Այսօր ծննդյան վկայականը հաստատող մարմինները պարտավոր են տեղի դատարանին հաղորդել այն անունները, որոնք կարող են երեխային ծաղրի առարկա դարձնել։ Այս պարագայում դատարանը կարող է արգելել այդ անունը։

  • Արգելված անուններ՝ Նուտելլա, Ելակ, Մինի Կուպերս, Արքայազն Ուիլյամ։

Սաուդյան Արաբիա

Երկրի կառավարությունն արգելում է արտասահմանյան անունները, ինչպես նաև այն անունները, որոնք կարող են անբարոյական, աստվածամերժ կամ սոցիալական և կրոնական ավանդույթները խախտող համարվել։

  • Արգելված անուններ՝ Լինդա, Անժել, Մայա, Թագուհի, Ալիսա, Բեն։

Պորտուգալիա

Այս երկրում անունները պետք է լինեն ավանդական պորտուգալական և պետք է ցույց տան երեխայի սեռը։ Ծնողների ավելի հեշտ կողմնորոշման համար ստեղծվել է թույլատրելի անունների հատուկ ցանկ։

  • Արգելված անուններ՝ Ռիհաննա, Նիրվանա, Վիկինգ, Սայնոարա, Ջիմի։

Գերմանիա

Գերմանիայում մինչ երեխային անուն տալն այն պետք է թույլ տա քաղաքացիների գրանցման տեղական բաժինը։ Այստեղ նույնպես արգելքի տակ են կոպիտ բառերը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների ապագայի վրա։ Ավելին՝ անունը պետք է ցույց տա երեխայի սեռը։ Անվան փոխարեն չի թույլատրվում օգտագործել բանջարեղենի կամ իրերի անուններ։

  • Արգելված անուններ՝ Ադոլֆ Հիտլեր, Ուսամա Բեն Լադեն, Վուդստոկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել