Չինաստանի տնտեսության թվերն ուղղակի գլխապտույտ են առաջացնում: Համաձայն Չինաստանի վիճակագրական ծառայության 2019թ. զեկույցի՝ երկրի տնտեսությունը 2018 թ․ աճել է 6.6 տոկոսով ու հասել ավելի քան 90 տրիլիոն յուանի, որը կազմում է 13.6 տրիլիոն դոլար: 1978 թ․ ի վեր Չինաստանի տնտեսությունն աճել է 240 անգամ՝ 0.37 տրիլիոն յուանից հասնելով 90.03 տրիլիոն յուանի: Իսկ գործազրկությունը 1.4 միլիարդ բնակչություն ունեցող երկրում կազմում է ընդամենը 3.9 %:
Ներկայում ՉԺՀ տնտեսությունը գերթվայնացված է, դժվար թե աշխարհում կա երկիր, որը թվայնացվածությամբ կարող է մրցել վերջինի հետ: Ու ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակական կյանքը չափազանց թվայնացված են: Ամեն ինչ արվում է սմարթֆոններով՝ տրանսպորտ, գնումներ, պետական ծառայություններ, հիվանդանոցներ: Բոլոր խանութներում, շուկաներում, կրպակներում վճարումները կատարվում են wechat և alipay գիգանտ համակարգերով, մինչև անգամ մուրացկաններին կարելի է գումար փոխանցել նշյալ հավելվածների QR կոդերով:)) Բացի այդ՝ երիտասարդներից շատերն օգտագործում են մատնահետքը՝ որպես բիոմետրիկ նույնականացման վճարման եղանակ:
Ամեն ինչ գերթվայնացված է, արագ, հեշտ ու էֆեկտիվ:
Շատ զարգացած են կոմունիկացիոն ենթակառուցվածքները. որակյալ ճանապարհներ, կամուրջներ ու թունելներ: Չինաստանի տնտեսության արագ զարգացման գրավականներից մեկն էլ բարձր որակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներն են: Իսկ QR-code-ային առևտրատնտեսական գերզարգացած համակարգն ուղղակի դոպինգ խթանիչի դեր է կատարում երկրի տնտեսության համար:
Ի դեպ, լինելով նաև չափազանց սպառող երկիր՝ Չինաստանի տնտեսությունը հումքի մեծ կարիք ու պահանջարկ ունի: Եթե մեր կառավարությունը կարողանա Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել, կարծում եմ՝ մեր տնտեսության զարգացման համար շատ լավ հեռանկարներ կբացվեն։