Այսօր՝ 44 օր հացադուլից հետո, մահացել է Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։
44 օր հացադուլ, հասկանո՞ւմ եք։ Մարդ 44 օր հաց չի կերել, որով իր բողոքն է հայտնել, բայց ոչ մեկ չի փորձել հասկանալ այս մարդուն կամ լսել նրան։
44 օրվա ընթացքում ոչ մեկի չհետաքրքրեց, թե ինչու է այս մարդը, ում մեղքը դեռ չի ապացուցվել, գնում այդ քայլին, ինչ բողոք է ուզում արտահայտել դրանով։ Ոչ մեկին հետաքրքիր չեղավ, որ մի անգամ լսի նրան, միգուցե նա շատ կարևոր բան էր ասում, բայց իրականում արդար էր ինքը իրոք։
44 օր ոչ մի պաշտոնյայի չհետաքրքրեց, թե ինչի է ՀՀ քաղաքացին բանտում սովամահ լինում, մեկը չմոտեցավ, մեկը չասեց՝ եղբայ՛ր, արի խոսենք, փորձեմ քեզ հասկանալ, ու լուծումներ փնտրենք։
Իհարկե, չարեցին, ու գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև չկար հանրային ճնշում, չկար մեծ արձագանք, ոչ մեկ չէր խոսում (կամ միգուցե չէին թույլատրում, որ խոսեին) այս մարդու մասին, իսկ եթե չկա հանրային մեծ արձագանք, չկա փիառվելու կարիք, ապա էլ ի՞նչ միտք կա անհանգստանալու, ինչի՞ չարչարվել, եթե չես փիառվելու ու հետո էլ ստատուս չես գրելու դրա մասին։ Էլ պե՞տք է մտածել մարդկային կյանքի մասին։
Ցավոք, այս պահին կարող ենք փաստել, որ մեր պետության բանտում հնարավոր է 44 օր հացադուլ անել ու մահանալ։