Այս լուսանկարն առաջին անգամ հայտնվել է Ինդիանա նահանգի The Vidette Times թերթում 1948 թ. օգոստոսի 5-ին: Երեխաները փոքր-ինչ շփոթված տեսք ունեն, քանի որ նրանց հղի մայրը թաքցնում է երեսը լուսանկարչից: Լուսանկարի վերնագիրն էր. «Չիկագոյի մեծ վահանակը՝ «Վաճառվում է» մակագրությամբ, առանց խոսքերի պատմում է տիկին և պարոն Շալիֆուների ողբերգական պատմությունը: Այս զույգը վտարվել է սեփական բնակարանից: Չունենալով գնալու տեղ՝ գործազուրկ վարորդն ու նրա կինը որոշել են վաճառել իրենց երեխաներին: Տիկին Լուսիլ Շալիֆուն թաքցնում է դեմքը լուսանկարչական ապարատից, մինչդեռ երեխաները զարմանքով դրան են նայում: Վերևի աստիճաններին Լանան (6 տարեկան0 և Ռեն են (5 տարեկան), ներքևում՝ Միլթոնը (4 տարեկան) և Սյու Էլենն են (2 տարեկան)»:
Շատերն այս կնոջը մեղադրում էին լուսանկարը բեմականացնելու և իրական մտադրություն չունենալու մեջ, սակայն, ցավոք, իրականում այս կինն իսկապես ցանկանում էր վաճառել երեխաներին: Երկու տարվա ընթացքում այս երեխաները, ինչպես նաև այն երեխան, որը դեռ ծնված չէր ու լուսանկարում չէր երևում, վաճառվեցին տարբեր ընտանիքների:
Ռեն և նրա եղբայր Միլթոնը վաճառվեցին Զոթմենների ընտանիքին 1950 թ. օգոստոսի 27-ին: Նրանց անունները փոխվեցին՝ համապատասխանաբար Բևերլի և Քենեթ, և չնայած նրան, որ նրանց ծնող մայրը ծայրահեղ վիճակում էր գտնվում, այն ընտանիքքը, որտեղ նրանք եկան, փրկություն չդարձավ նրանց համար: Նրանց ստիպում էին երկար ժամեր աշխատել դաշտում և հաճախ շղթայակապում էին գոմում: Միլթոնը հիշում է, որ նրան իր նոր «հայրն» անվանում էր «ստրուկ», և նա ընդունում էր այդ պիտակը, քանի որ փոքր էր և չէր գիտակցում դրա նշանակությունը:
Մյուս երեխան՝ Դավիդը, որը դեռ մոր կրծքի տակ էր լուսանկարն անելու պահին, օրինականորեն որդեգրվել էր Հարի և Լուելա ՄաքԴանիելների կողմից, որոնք մի քանի կմ հեռավորության վրա էին ապրում: Դավիդը, ով հիշում է, որ իր նոր ծնողները շատ խիստ, սակայն սիրալիր և հոգատար էին, փոքր ժամանակ իր հեծանիվով տեսակցության էր գնում Ռեին և Միլթոնին և տուն վերադառնալուց առաջ արձակում էր նրանց շղթաները:
Ռեն լքեց տունը 17 տարեկանում՝ տրավմատիկ և դաժան օրեր ապրելուց հետո: Նրան առևանգել և բռնաբարել էին, ինչը հանգեցրել էր հղիության: Աղջկա «ծնողները» նրան ուղարկել էին հղի աղջիկների համար նախատեսված հատուկ տուն, որտեղ էլ ծնվելուց հետո որդեգրեցին նրա երեխային:
Միլթոնը մեծանում էր և սկսում էր ծեծին, սովին և այլ դաժանություններին խիստ բարկությամբ արձագանքել: Դատարանը նրան հասարակության համար վտանգավոր ճանաչեց, և Միլթոնը երկար տարիներ անցկացրեց հոգեբուժարանում:
Այս երեք երեխաները չգիտեին, թե ինչ էր պատահել Լանայի և Սյու Էլենի հետ, չունեին ոչ մի տեղեկություն: Սակայն տարիներ անց նրանք հնարավորություն ունեցան գտնելու իրենց քույրերին սոցիալական կայքերի միջոցով: Լանան մահացավ 1998-ին քաղցկեղից, սակայն Սյու Էլենը դեռ ողջ էր: Վերջինս մեծացել էր տնից ոչ հեռու գտնվող մի տանը, և իր «մոր» մասին հետևյալն էր ասում. «Նա պիտի այրվի դժոխքի կրակներում»:
Լուսանկարում պատկերված մայրն իր հինգ երեխաներին վաճառելուց հետո կրկին ամուսնացել է և ունեցել ևս չորս դուստր: Երբ նրա «նախկին» երեխաները եկել են նրան տեսակցության, նա ասել է, որ ընդհանրապես սեր չի զգում այդ երեխաների նկատմամբ և չի ափսոսում իր արարքի համար:
Դավիդ ՄաքԴանիելը մոր սառնությունը բացատրել է կյանքի դաժան հանգամանքների առկայությամբ. «Երբ մայրս ինձ տեսավ, ասաց. «Դու քո հորը շատ ես նման»: Նա երբեք ներողություն չի խնդրել: Այն ժամանակ նա դրա կարիքն ուներ: Ովքե՞ր են մենք, որ դատենք նրան: Բոլորս ենք սխալներ անում: Միգուցե նա իր երեխաների մասին էր մտածում և չէր ցանկանում, որ նրանք սովից մահանան»:
Միլթոնն այլ տեսակետ ուներ. «Նա ինձ երբեք չի սիրել: Նա անգամ ներողություն չի խնդրել ինձ վաճառելու համար: Նա այնքան էր ինձ ատում, որ անգամ ուշադրություն չէր դարձնում ինձ վրա»: