Այս օրերին ուշադիր հետեւում եմ, թե ինչ գործով են զվաղված մեր օրենսդիրները ու զարմացած մտածում եմ. «Էս բան ու գործ չունե՞ն»….
Դեռեւս երկու տարի առաջ 2011 թվականին հունիսի 9-ին www.iwpr.net-ում տպագրվեց իմ նյութը՝ «Grave Corruption in Armenian Capital»-ն, (Հայաստան. կոռուպցիան հասել է գերեզմանատներին), որն արտատպվեց նաեւ www.yerkir.am կայքում:
Նյութում ես բարձրացրել էի մի թեմա, թե ինչ է կատարվում մեր գերեզմանատներում. ինչ է արվում, ոնց է արվում, ոնց են հողատարածք ձեռք բերում, ինչպես են թաղում եւ գերեզմանոցներ կառուցում, որից հետո մի բան հասկացա, որ մենք հայերս ԳԵՐԵԶՄԱՆԱՊԱՇՏ ժողովուրդ ենք…
Ախր ինչո՞ւ ենք այսքան ԳԵՐԵԶՄԱՆԱՊԱՇՏ, որ կարող ենք ԿՅԱՆՔԱՊԱՇՏ լինել…
Այսօր մի տեղ կարդացի, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների մեջ ներառվելու է նաեւ այսպես ասած ԷԼԻՏԱՐ գերեցմանոցներ գաղափարը: Ախր չե՞ք ամանչում, ամոթն ի՞նչ է, որ չունեք….
Թե՞ կարծում եք, որ այսօր, եթե գոյություն ունի քաղաքային պանթեոն, քաղաքային եւ գյուղական գերեզմանատներ, այդ նույն «էլիտան» ներկայացնողը չի կարող թաղվել այնտեղ, թե՞ թաղվելուց հետո կարող է նույն անձնավորությունը դագաղի մեջ շուռ գա:
Այսօր էլ Հայաստանում մեծահարուստները իրենց գերեզմանատեղերի վրա մեծ գումարներ ծախսում են, օրինակ, եթե մեկ օր այցելեք Երեւանի Շահումյանի գերեզմանատուն, կտեսնեք, որ մի մեծահարուստ 400 քմ մեծությամբ գերեզման է կառուցել եւ ոչ ավել, ոչ պակաս այդ գերեզմանի վրա ծախսել է ավելի քան 1,5 մլն դոլար:
Դուք ոչ թե մտածեք նոր գերեզմանատներ ստեղծելու մասին, այլ այնպես արեք, որ ժողովուրդը երկարակյաց լինի՝ ապրի անհոգ, արարի եւ վերջապես երջանիկ լինի:
Եվ վերջապես դեռեւս 2008-ին Հայաստանի կառավարությունը որոշեց Երեւանում դիակիզարաններ կառուցել: Այդ նպատակով անգամ Երեւանի Աջափնյակ համայնքում հատկացվեց 53 հա տարածք, որպեսզի դիակիզարանը կառուցվի, որի մասին մինչ օրս ոչ մի նորություն չկա: Իսկ հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տարի հետո եթե գերեզմանատները ավելացվեն, ապա Երեւանի հողային ֆոնդի մոտ 40 տոկոսը կկազմեն գերեզմանատները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել