Միլիոնավոր ճապոնացիների հուզել է 24-ամյա Մարույամա անունով աղջկա և նրա փեսացուի՝ Լի Հուայուի սիրո պատմությունը, որի մասին թողարկում է եղել տեղական հեռուստատեսությամբ: Նրանք երջանիկ զույգ են եղել և պատրաստվել են ամուսնանալ, սակայն 9 ամիս առաջ ՃՏՊ-ի հետևանքով, մոտոցիկլով ընթացող աղջիկը բախվել է ավտոմեքենայի, Մարույաման կոմայի մեջ է հայտնվել: Իսկ երբ վերջապես գիտակցության է եկել ոչ ոքի չի ճանաչել, ծնողներին և փեսացուին՝ նույնպես:

Ժամանակի ընթացքում աղջկա ամնեզիան չի անցնում: Մարույամայի վիճակն, ընդհակառակը, ավելի է վատանում: Վերջին ամիսներին նա արդեն չի կարողանում հիշել նախորդ օրվա կատարվածը: Եվ Լին ամեն օր նորից սեր է խոստովանում աղջկան, բացատրում, թե ինքն ով է և իրենց հարաբերություններն ապացուցող փաստարկներ է բերում, այդ թվում համատեղ լուսանկարները:

Նրանք ստիպված հարսանիքը հետաձգել են, սակայն Լին չի հանձնվում: Նա հույս ունի, որ սիրելին վերջապես կհիշի իրեն:

Հուսահատված Մարույաման առաջարկել է խզել հարաբերությունները, բայց Լին հրաժարվել է: «Հնարավոր է, որ դու կորցրել ես բոլոր հիշողություններդ, բայց մենք կարող ենք նորերն ունենալ»,- պատասխանել է նա:

Բժիշկները Մարույամային խորհուրդ են տվել օրվա կարևոր իրադարձությունները գրանցել օրագրում, որպեսզի հաջորդ օրը կարդա և պատկերացում կազմի, թե ինչ է կատարվում իր կյանքում: Աղջիկը, որը չի հիշում ծնողներին, փեսացուին, հաճախ խուճապի պահեր է ունենում, մի քանի անգամ նույնիսկ փորձել է փախչել տնից: Բժիշկների խորհուրդն օգնել է աղջկան: Մի անգամ կարդալով իր գրածը Լիի մասին և գիտակցելով նրա նվիրվածության աստիճանը, Մարույաման ինքն է առաջարկություն արել Լիին. «Շնորհակալություն իմ նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար: Դու այնքան լավ ես ինձ հասկանում, դու միշտ համակերպվել ես իմ զգայուն ու փխրուն տարբերակի հետ: Իմ ախտանիշներն ավելի են խորանում, մի օր հնարավոր է ես քեզ ընդհանրապես չհիշեմ: Այս ամենով հանդերձ համաձա՞յն ես լինել ինձ հետ»,- հարցրել է աղջիկը: Նրա փեսացուն առանց վարանելու պատասխանել է. «Այո»: Լին ասել է, որ իր սերն օր-օրի ավելի է մեծանում, և որ Մարույաման իր իսկական հարազատ ոգին է: Իսկ աղջիկը խոստովանում է, որ քանի անգամ էլ որ կորցնի հիշողությունը, միևնույն է, ամեն անգամ սիրահարվում է Լիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել