Հարգելի գործընկերներ,

Ինչպես հիշում եք, մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալու ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ դրա որեւէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքն այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։ 

Այսօր արդեն ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտարարություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել։ Ստացված բոլոր տեղեկությունները համադրելով՝ կարելի է եզրահանգել, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում ներման հանձնաժողովը վարչապետին է ներկայացրել եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Գործող կարգավորումների համաձայն՝ վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Կարծում եմ՝ նախատեսված ժամկետներն արդեն իսկ լրացել են, եւ առաջանում է հարց, թե ինչո՞ւ նշված ժամանակահատվածում առաջարկություն չի ներկայացվել ՀՀ նախագահին։ Արդյո՞ք հասարակական քննադատությունն է պատճառը, որ արդեն իսկ կայացված որոշումը չի ուղարկվել հանրապետության նախագահին, թե՞ գործ ունենք պարզապես սովորական անգործության հետ, քանի որ սահմանված ժամկետում որոշում չի կայացվել։ Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության մասին, քանի որ հիմա մենք անգամ չեն կարող վերահսկողություն իրականացնել, թե արդյոք պետական պաշտոնյան օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իր պարտականությունները, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել