Ախր երկիրս երկիրս էլ չի, ո՞նց լինի պետություն: Հայիս երկիրը օտարի տակ ո՞նց լինի երկիրս: Հայ մարդը սեփական երկրում չունի սեփականը: Սեփականությունից զրկված հայ անհատականությունը ինչպե՞ս իմանա Հայաստանի պետականության արժեքը: Օտարված պետականություն, որտեղ քաղաքացին ձայն չունի, ո՞նց համարվի պետություն: Պետություն, որտեղ մարդու կյանքը արժեք չունի, ո՞նց համարվի հայրենիք: Հայրենիքում սոված ու ծարավ ընտանիքը ո՞նց չարտագաղթի: Ո՞նց չլինի արտագաղթ մի երկրում, որտեղ պաշտոնյան կամավոր վաճառում է պաշտոնը օտարին: Իշխանավոր, որը սեփական ժողովրդի անվտանգությունը անխնա նվիրում է օտարին, ինչպե՞ս կարող է իմանալ մարդու իրական արժեքը: Կուսակցություններ, որոնք ամբողջ օրը խոսում են ժողովրդավարությունից, լռում են ու աչք են փակում, այդ նույն ժողովրդավարության հիմքում ընկած մարդու արժեքների ոտնահարման վրա: Պատգամավորներ, ովքեր հիմնականում օլիգարխ են, քան քաղաքացիների ներկայացուցիչ: Օլիգարխներ, որոնք խեղդում են հասարակ հայ մարդու չեղած սեփականության իրավունքը, քանդում են պետականության հիմնաքարը: Կառավարությունում, որի անդամների հիմնական գործառույթն է դարձել ռեստորանների, ակումբների, վարսավիրանոցների բացման միջոցառումներին մասնակցելը, ինչպե՞ս չլինի կոռուպցիա: Ինչպե՞ս կարող են արդյունավետ կառավարել գերատեսչություններ անհատներ, որոնց համար կառավարում նշանակում է սափրված լինել, փողկապ կապել ու մեծ սենյակում թանկարժեք բազմոցի վրա սուրճ խմել: Նման նեղ ու սահմանափակ աշխարհայացք ունեցող կիսամարդիկ ինչպե՞ս կարող են իմանալ մարդու իրական արժեքը: Եվ նման կիսամարդ ղեկավարները և պաշտոնյաները որոշում են, թե ինչ կրթություն պետք է ստանան հայ երեխաները և երիտասարդները: Ստրկական մտածելակերպ ունեցող սերունդ, պոտենցիալ արտագաղթող սերունդ ստեղծելու օտարածին քաղաքականությունն են իրականացնում: Մանկուց սովորեցնում են, որ օտար երկիրը մեր ավագ եղբայրն է, ոչինչ, որ ձեր ծնողները ձեզանից կտրելու են, որ ավագ եղբոր գազի գինը վճարեն: Սա արդեն ազգային անվտանգության հարց է: Անվտանգության հարց է նաև այն, որ անտեսվում է մարդու իրավունքները առողջության ոլորտում: Մարդու առողջությունը բացառիկ արժեք է: Անառողջ հասարակությունը չի կարող կայուն և անկախ պետության հիմք դառնալ: Բնական է, որ օտարը ոչ մի կերպ չի պայքարի հայ քաղաքացու առողջության համար, հակառակը՝ այն ամեն ինչ կանի, որ կախյալ պետության բնակիչները թերի լինեն, որովհետև առողջ հասարակությանը դժվար է ստրկացնել: Վերոնշյալ բոլոր խնդիրների լուծումները կախված չեն մեկ կամ մի քանի անձանցից: Սա համակարգային խնդիր է: Պետք է լուծումը գտնել համակարգային փոփոխությունների կոնտեքստում: Օտար երկրի դիկտատուրա-օլիգարխիկ համակարգի կիրառումը հայ քաղաքացուն ոչինչ չի տվել, հակառակը՝ հանգեցրել է լայնամասշտաբ արտագաղթի: Ամեն օր Հայաստանը այդ օտար համակարգի շնորհիվ հեռվացել է քաղաքակիրթ աշխարհի չափանիշներից: Քանի դեռ ուշ չի, պետք է ընտրություն կայացնել՝ խորացնե՞լ դիկտատուրա-օլիգարխիկ համակարգի կլանումը և արդյունքում ունենալ հայաթափված Հայաստան, որտեղ մարդն արժեք չունի, թե՞ հետևել քաղաքակիրթ պետությունների օրինակին և արդյունքում ունենալ մարդու արժեքները բարձր գնահատող սուվերեն պետություն: Իմ խորին համոզմամբ՝ վերջինս այլընտրանք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել