Իր տան մոտ կատարված սպանությունների շուրջ մեղայականից հետո Սուրեն (թե՞ այնուամենայնիվ` Սուրիկ) Խաչատրյանը երկու-երեք օր է` լրատվամիջոցներին և զինդատախազությանը մտորումների նյութ է մատակարարում` «եթե քո տան վրա հարձակում լինի, չե՞ս պաշտպանվելու» թեմայով: Լավ թեմա է: Սուրեն (թե՞ Սուրիկ) Խաչատրյանը վաղուց արդեն հարձակվել է Սյունիքի մարզի բնակչության վրա: Սյունիքի մարզի բնակչությունը վաղուց և լիակատար իրավունք է վաստակվել պաշտպանվելու և պաշտպանելու «իր տունը», «իր դստերը», «իր որդուն», իր մարզը, վերջապես: Չէ, ի՞նչ իրավունք, ուղղակի պարտավոր է պաշտպանվել, քանի որ այս դեպքում այլ պաշտպաններ, լրագրողների մի խմբից բացի, չկան: Իսկ ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է: Ի՞նչ կարծիք ունի սույն հանրահայտ փաստի մասին զինդատախազը: Եվ սյունյաց հերոսական արծիվները, որոնց «արծվային ճախրանքը» բավարարում է միայն «իմ ֆյուրերի»-ն գերհավատարմության հավաստիացումներին և հարկատուների միջոցներով ամառային ճամբարներում իրենց ֆյուրերային նվիրվածության ճախրանքի համար թևերը հզորացնելու նվիրական գործին: Նրանք, օրինակ, չե՞ն ուզում պաշտպանել «սյունյաց» բնակչության տունը, դուստրերին, որդիներին: Նրանց ավելի փոքր «իմ ֆյուրերը» նրանց ինքնապաշտպանության բացահայտ կոչ է ուղղում: Չպետք է երախտամոռ լինել: Չնայած, մյուս կողմից, տվյալ դեպքում հավանաբար «լռությունը ոսկի է». չէ՞ որ առջևում մարզպետի թափուր տեղի համար պայքար է սկսվելու: Հնարավոր է, որ Սյունիքին ավելի՞ մեծ չարիք է սպասվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/204069486412002?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել