Հոդվածին կից ներկայացված նկարում պատկերված երիտասարդների խումբը բաղկացած է թուրք և քուրդ տղաներից և աղջիկներից, նրանք Թուրքիայի Դիարբեկիրից են: Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ այս երիտասարդները պարում և երգում էին Գյումրու Վարդանանց հրապարակում: Ես մի մեկնաբանություն գրեցի, որը նույնպես հրապարակվեց համացանցում: Գրառմանս ներքևում թողնված մեկնաբանությունները խառն էին, գյումրեցիներին վիրավորելուց մինչև այս երիտասարդների քայլին հավանություն տալը: Տեսանյութը մի կողմից մեր ազգասիրությունն էր վիրավորում, մյուս կողմից մտածելու տեղիք տալիս: Փորձեմ ներկայացնել անակնկալի եկած իմ տեսակետը: Ի դեպ, այդ գրառումս որպես հիմք ընդունելով, Հանրային առաջին ալիքի «Ազատ գոտի» հաղորդաշարը ցանկացավ հաղորդում պատրաստել, որին ցավոք չեմ կարողանա մասնակցել, հուսով եմ, որ այնուամենայնիվ կկայանա առանց իմ մասնակցության: Զրուցելով նրանցից մեկի՝ քուրդ Ֆիրատ Տասի հետ, ճշտեցի, որ նրանք իսկապես եղբայրության կամուրջ են ցանկանում ստեղծել, և իրենց՝ Հայասատան ժամանելու նպատակը դա է եղել: Նրա խոսքերով՝ նրանք ուզում են, որ մենք նորից եղբայրներ դառնանք: Մի՞գուցե իսկապես ժամանակն է եկել, որ մենք խոստովանենք ինքներս մեզ, որ գրեթե մեկ դար տևող արդարության վերականգման մեր ջանքերը դանդաղ են ընթանում և եթե այս տեմպերով շարունակվի, ապա ցանկալի արդյունքին հավանաբար սպասենք ևս մի դար կամ էլ երբեք: Չեմ ուզում խորանալ այն բռնությունների, ցավի, վիրավորանքների, զրկանքների և սպանությունների փաստի մեջ, դրանք պատկերացնելիս միայն վրեժ եմ ցանկանում լուծել: Անշուշտ, վերքը խորն է և դարմանի կարիք ունի, քանի որ մինչև օրս այն արյունահոսում է: Աշխարհն իր աչքերը փակեց, երբ այդ սպանդն էր կատարվում և մինչև օրս լռում է, նա խցկում է իր ականջները, երբ հայերն աղաղակում են արդարության փոխհատուցման մասին: Նրանք լռեցին, և հարյուր տարի ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր ցեղերի և ազգերի դեմ ցեղասպանության հանցագործությունը: Ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել ապրելը: Կյանքը կանգ չառավ հարյուր տարի առաջ, այն շարունակվեց: Այսօր մենք բնակվում ենք մի տարածաշրջանում, որտեղ երեք կողմից մեզ շրջապատում են իսլամական պետությունները, երեքն էլ երբևէ եղել են մեր ազգի թշնամիները և այսօր էլ են: Նրանցից երկուսի զինված ուժերը մտնում են աշխարհի լավագույն և մարտունակ բանակի տասնյակի մեջ, իսկ Ադրբեջանը տարեկան գրեթե երկու միլիարդ դոլար է ծախսում զենք ու զինամթերք գնելու համար: Հայկական բանակը ճանաչվել է Կովկասյան տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, սակայն այսօր ոտք գցել Թուրքիայի հետ և ուժի կամ զենքի լեզվով խոսել նրա հետ՝ առնվազը հիմարություն կլիներ: Ի՞նչ անենք, քաշենք Հայաստանը տանենք մի ուրիշ տե՞ղ, տեղափոխե՞նք: Կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ այս խնդրին ուրիշ կերպ լուծումներ գտնենք: Մի՞թե Թուրքիայում նոր սերունդն է ոտքի ելել, մի՞թե հասկացել են, որ հարյուր տարի խաբել են իրենց, որ իրենց պապերն են սպանել, բռնաբարել, խլել հայի տները, հողերը, քանդել եկեղեցիները: Թուրքերն ուզում են աշխարհին ապացուցել, որ իրենք քաղաքակիրթ ազգ են, սակայն ցեղասպանության խայտառակությունը դրոշմված է նրանց ճակատներին, անցյալը հետապնդում է իրենց: Մի՞թե ցանկանում են մաքրել այդ ամոթը և ներում գտնել: Մի՞թե մենք կարող ենք ներել, մոռանալ, ջնջել: Ես միշտ ասել եմ՝ ներում կա այնտեղ, որտեղ կա զղջում և խոստովանություն, եթե ոչ, ապա դժոխքն իսկապես գոյություն չէր ունենա, իսկ Աստված կլիներ անարդար: Աստված պատժում է ցանկացած մեղք և հանցանք, սակայն ներում է ամեն զղջացողի և ապաշխարողի: Սակայն, կա մի նրբություն, մենք կարիք ունենք ներում արձակելու, եթե նույնիսկ դեռ չկա զղջում: Մի շտապեք կարծիք հայտնելու, համբերեք: Արձակել ներում՝ նշանակում է զղջման և ապաշխարության հնարավորություն տալ, չվառել կամուրջները, դուռը բաց թողնել, որ թուրք ազգը ներում հայցելու տեղ գտնի: Այսօր մենք դեռ բախվում ենք թուրքական իշխանությունների ժխտողական դիրքորոշմանը: Թուրքիայում բարձրանում է հասարակության ինքնագիտակցումը, և մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես է հասարակությունը ընդվզում իշխանության կամակատարությունների դեմ: Ի դեպ, քեմալականների և իսլամիստների թեման չէի ցանկանա այս հոդվածում քննարկել: Հասարկության մեջ փոխվում է հայերի նկատմամբ տրամադրվածությունը, այն ավելի համակրելի է դառնում: Շատերն են պատմում, որ Թուրքիայում, երբ մարդիկ իմացել են, որ իրենք հայ տուրիստներ են, անմիջապես հյուրասիրություն են առաջարկել, ընդառաջել ինչ-ինչ հարցերում և այլն: Ինձ թվում է, որ մեր հասարակությունը հոգնել է սին հայրենասիրության գաղափարից, ազգայնականների՝ ծովից ծով Հայաստանի տպագրված քարտեզներից (երանի, թե այդպես լիներ), տասնութ տարեկան երիտասարդների՝ դրոշակ այրելուց, տանը ծնողներին անհնազանդ, բայց թուշիկներին եռագույն ներկած աղջնակներից, ովքեր ցանկանում են ինքնահաստատվել այդ արարքով, նրանք այնքան երիտասարդ են, և տա Աստված, որ երբեք չզգան կորուստի դառը մաղձը, բայց վրեժի կոչերի աղաղակը չի լուծի մեր խնդիրները՝ առավել ևս ուժի տեսանկյունից: Իմ մեջ իրար են խառնվում տարբեր զգացողություններ, ինձ համար դժվար է հիմա դրանք կարգավորել: Ինչպես ասում են, ֆուտբոլային քաղաքականությունը գնդակն ուղարկեց Թուրքիայի կիսադաշտ, արդյունքում՝ իշխանության փոխարեն պատասխանեցին մի խումբ երիտասարդներ, և այդ պատասխանը անակնկալ էր մեզ համար: Սկզբից, երբ տեսա նկարահանված տեսանյութը, զայրացա, որ օրը ցերեկով Գյումրու քաղաքապետարանի պատուհանների տակ, հասարակական կարգը պահպանող ոստիկանների աչքի առջև, հայրենասեր մեր քաղաքացիների ներկայությամբ, այս երիտասարդները համարձակվել են պարել և երգել և ոչ ոք չի խոչընդոտել նրանց, բայց անակնկալի եկա, երբ իմացա, որ նրանք Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը, որն իսկ զղջման և ներման աղերսի ակտ է: Ու ես իսկապես մտահոգվեցի, իսկ ի՞նչ, եթե վաղը ուրիշները գան Հայաստան՝ ներում խնդրեն, ու հասկացա մի բան. հարյուր տարվա թուրքական ժխտումը բթացրել է մեր մեջ իրական ներման զգացողությունը, մենք չգիտենք, թե ի՞նչպես ներենք, ի՞նչպես մեր մեջ ուժ գտնենք համերաշխության, ի՞նչպես վստահենք, ինչպես համերաշխությամբ բնակվենք իրար հարևանությամբ, արդյո՞ք վաղը չի կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: Ու լիքը-լիքը նման հարցեր: Մենք այսօր բախվել ենք այս իրականությանը՝ նրանք եկել են զղջումով, ներում խնդրել, բարեկամության ձեռք մեկնել, և բացառված չէ, որ վաղը մյուսները կգան: Սառույց է հալվում, բարեկամության կամրջի շինարարության քար է գցվում, սա ևս ցորենի մի հատ է փշերի դաշտում: Ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել այս քայլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել