Օրվա ամենաքննարկվող թեման պետական հատվածի աշխատակիցների պարգևավճարներն են: Սոցցանցերում շատ քննարկվեց այն, որ պետական աշխատողները պետք է բարձր աշխատավարձ ստանան, առավել ևս, եթե ցանկանում ենք, որպեսզի բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդիկ պետական հատվածում աշխատեն:
Իհարկե, կարևոր է, որ պետական սեկտորում աշխատողների վճարները բարձր լինեն, դա նաև նվազեցնում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, սակայն պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է դա հնարավոր անել և հնարավոր է, թե ոչ:
Նախ՝ բարձր աշխատավարձ վճարելու համար պետք է բյուջեում այդքան գումար լինի, իսկ եթե այդ բարձր աշխատավարձն ապահովվելու է հարկերի ավելացման հաշվին, ուրեմն՝ այստեղ կարող է առաջանալ շատ ավելի լուրջ խնդիր:
Փաստացի, կա երկու խնդիր․ մի կողմից պետք է բիզնես հատվածին (մասնավորապես՝ ՓՄՁ-ներին) տալ արտոնություններ, այդ թվում՝ հարկային, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, մյուս կողմից՝ պետք է հարկերն ավելացնել, որպեսզի աշխատավարձերը բարձրանան: Սակայն սրանք իրար հակասող գործողություններ են, հետևաբար, եթե պետական հատվածում բարձր աշխատավարձ ստանան, ապա բիզնեսի հարկերն ավելացնելու հաշվին է լինելու, ինչն էլ իր հերթին էլ ավելի է վատթարացնելու բիզնեսի ներկայացուցիչների վիճակը, սա էլ իր հերթին տնտեսությունն է կաթվածահար անելու:
Մյուս տարբերակը՝ կրճատել պետական աշխատակիցների թիվը, փաստացի կրճատվածների ստացած աշխատավարձի հաշվին մնացածը կստանան ավելի բարձր վարձատրություն: Սակայն սա նույնպես ունի իր բացասական հետևանքները․ կրճատված աշխատակիցներին պետք է նախ ապահովել այլ աշխատանքով, հետո նոր կրճատել, այլապես սոցիալական խնդիր է դառնալու:
Կարծում եմ՝ շատ ավելի տրամաբանական կլինի, եթե պետական կառույցները մի շարք գործառույթներ աութսորսինգով իրականացնեն, ինչը հնարավորություն կտա կրճատել պետական աշխատակիցներին, նաև այլ շատ ծախսեր, կստեղծի դաշտ, որտեղ աշխատելու հնարավորություն կստանան տարբեր բիզնես կազմակերպություններ, որոնք էլ արդեն կունենան աշխատատեղեր, որ առաջարկեն կրճատված պետծառայողներին:
Սա պարզ մոդել է, որի կիրառման դեպքում հնարավոր կլինի առանց որևէ ոլորտ կաթվածահար անելու բարձրացնել պետծառայողների աշխատավարձը, ինչպես նաև զարգացնել տնտեսությունը: