Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչների ջանքերով հունվարի 19-ին Բաքվում խոշոր ցույց էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն ադրբեջանցի բլոգերի, ով գտնվում է բանտում։ Այս ամենի արդյունքում շրջանառության մեջ ընկավ վարկած, որ հնարավոր է՝ Ադրբեջանում ևս տեղի ունենա հեղափոխություն՝ չնայած այն հանգամանքին, որ ցույցերը գտնվում էին պետական ապարատի վերահսկողության տակ, ու ադրբեջանական իշխանությունը տիրապետում էր իրավիճակին, դրա համար ցույցի տարածքում անջատված է ինտերնետ կապն, ու տեղեկատվության մեծ խնդիր կար։ Ոստիկանությունը սկզբնական շրջանում որևէ տեսակի ուժ չի կիրառել, հետագայում եղել են ձերբակալություններ։
Իսկ կոնկրետ մեզ համար առավել կարևոր է, թե ովքեր են «Մուսավաթ» կուսակցության անդամներն ու ինչ կարծիք ունեն Արցախի հարցի մասին։ Օրինակ՝ կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին 2017 թվականի հուլիսին դիմել էր Թուրքիայի նախագահ Էրդողանին և պահանջում էր նրանից հրամայել թուրքական բանակին, որպեսզի նրանք գրավեն Արցախը և ազատեն այն հայերից։
Կուսակցության անդամներից մեկը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարության շենքի մոտից։ Պատճառն այն էր, որ «Մուսավաթ» կուսակցության անդամը դժգոհ էր Ալիևի անիմաստ բանակցություններից ու նախարարությանը կոչ էր անում լուրջ քայլեր ձեռնարկել Արցախի հարցը լուծելու համար։ Նա պարզել էր պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «ԱԳՆ, վերջ տուր անիմաստ բանակցություններին» և «Թշնամու հետ պետք է խոսել պատերազմի լեզվով»։
Այս ամենը հարկավոր է աչքի անցկացնել զուտ նրա համար, որպեսզի երբեք Ադրբեջանի որևէ ղեկավարի վրա անիմաստ հույսեր չդնենք ու չսպասենք իրավիճակի զարգացմանը, այլ հենց սկզբից զգոն լինենք ու պատրաստ ցանկացած սցենարի։