Առաջին խորհրդարանական շաբաթը ավարտվեց։ Մեր ընտրողը, դիտելով չորս օր տևած քննարկումները, զարմանքով հայտնաբերեց, որ իր ընտրյալների 70-80%-ը թանկարժեք բալաստ են, որոնց պետք է լինելու դեռ մի քանի տարի կերակրել, գործուղումների ուղարկել, վարորդներով ու քարտուղարուհիներով սպասարկել, ու նաև անհանգստանալ, որ մի ավելորդ, անհեթեթ, կամ ակնհայտ վնասակար բան չասեն բարձր ամբիոններից։ Այն, որ դեկտեբերի 9-ի հապճեպ և մանիպուլյատիվ ընտրություններով հենց այսպիսի Ազգային ժողով է ընտրվելու, թերևս ակնհայտ էր, թեև ընտրողները, եթե մի քիչ ավելի կշռադատված ու պակաս անհատապաշտ ընտրություն կատարեին, գոնե պատգամավորների թիվը այսպես չէր աճի, և լուրջ քաղաքական գործունեությանն անպատրաստ տասնյակ հավակնոտ, բայց անբովանդակ երիտասարդներ չէին հայտնվի Ազգային ժողովում։

Մինչև ընտրությունները, շրջանառության մեջ էր նաև այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում իր բոցաշունչ, բայց ոչ պրոֆեսիոնալ շրջապատին կուղարկի Ազգային ժողով, և փոխարենը կձևավորի պրոֆեսիոնալների կառավարություն։ Իսկապես, մի քանի այդպիսի կառավարության անդամներ ի վերջո հանգրվանեցին Ազգային ժողովում, բոլոր դեպքերում նրանց կոճակ սեղմելուց հիմա ավելի քիչ վնաս կլինի, քան Կառավարության ներսում գործունեությունից (կամ, ավելի շուտ, անգործությունից)։ Սակայն հիմա, երբ ձևավորվում է կառավարության կազմը, ընտրողը ևս զարմանքով հայտնաբերում է, որ նոր, պրոֆեսիոնալ դեմքեր նրանում չեն հայտնվում՝ նախորդ, անցումային կառավարության կազմը, պրակտիկորեն ամբողջությամբ, վերահաստատվում է։ Այդ դեպքում ինչի հաշվին է բարձրանալու կառավարման որակը՞։ Ինչպես կարող են այն նախարարները, որոնց գործունեությունը չի հանգեցրել շոշափելի դրական արդյունքների նախորդ ամիսներին, հիմա կտրուկ բարելավեն իրենց արդյունավետությունը՞, դեռ մի հատ էլ իրենց ղեկավարության տակ վերցնեն նոր ոլորտներ՞։

Նիկոլն իշխանությունը ստացել է հեղափոխության արդյունքում, բայց այն կարող է պահել, միայն եթե հեղափոխության ստեղծած սպասումները կարողանա արդարացնել։ Իրեն այսօր էլ ոչ ոք չի խանգարում՝ ընտրողն իրեն տվել է գործողությունների բացարձակ ազատություն, իր ընտրած պատգամավորներ են Ազգային ժողովում, իր ընտրած նախարարներն են Կառավարությունում, ուժային մարմինները իր վերահսկողության տակ են, պետության ամբողջ ֆինանսներն էլ ինքն է տնօրինում։ Ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանությունը կերազեր գործողությունների այդպիսի անսահմանափակ ազատության մասին։ Սակայն եթե այդ ազատությունը շարունակի անիմաստ վատնվել, այն ի վերջո կսպառվի։ Ամենավատը, ինչը կարող է տեղի ունենալ, որ մարդիկ սկսեն կարոտով հիշել նախորդ իշխանություններին, ինչպես 90-ականներին մարդիկ կարոտով սկսել էին հիշել կոմունիստներին, երբ ՀՀՇ իշխանության օրոք փլուզվեց երկրի տնտեսությունը։ Շատ կուզեի, որ այս անգամ նույն սխալը չկրկնենք, թեև խորհրդարանական առաջին շաբաթը ցույց է տալիս, որ նույնիսկ սեփական սխալների վրա երբեմն չենք սովորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել