Քաղաքացի գեներալիսիմուս,
Լուրերի համաձայն՝ Դուք իմ մասին մասամբ տեղեկություններ ունեք: Ես չէի ցանկանա ապրել, եթե չզգայի, որ դեռևս գոյություն ունեն խնդիրներ, որոնց համար արժե պայքարել ու ապրել:
Մահանա՞լ: Մի՞թե հին հայրենասերի և հեղափոխականի համար մահից ավելի հեշտ բան կա: Մի՞թե մահվան նկատմամբ ունեցած արհամարհանքը չի բացատրվում այն փաստով, որ ես չլքեցի Սոֆիա:
Ինձ չեն հետաքրքրում ոչ կյանքը, ոչ մահը, այլ միայն այս աշխարհում իմ վերջին ցանկությունն է, որ մասնակցեմ ֆեոդալական Թուրքիայի «մահվան գործընթացին», հետևաբար, չէի ցանկանա, որ իմ հազարավոր կողմնակիցներն ու ընկերներն ասեն. «Բախտավոր են թուրքերը, քանի որ իրենց թշնամիներից մեկը սպանում է մյուսին»:
Ես չեմ ուզում մահանալ ձեր բանտերում:
Արտասահմանում ապրող հայերը, միանշանակ, կասեն. «Բոլշևիկները սպանեցին Թուրքիայի թշնամուն»: Իմ մահվան դեպքում կստացվի, որ դրանից բացառապես օգտվում են Ձեր թշնամիները: Ես չգնացի՝ հավատալով Ձեզ և վստահ լինելով, որ իմ հայրենասիրական-ասպետական արարքը հասկանալի կլինի ու կգնահատվի: Դրա մասին տեղյակ էին արտասահմանում ապրող որոշ դեմքեր:
Արտասահմանում ապրող հակաթուրքական հայ տարրերը (հայկական սփյուռքի ակտիվ հատվածը) իմ մահը կորակեն որպես Ձեր ներքին քաղաքականության արդյունք, Ձեր կողմից թուրքերին ուղղված քաղաքական կանխավճար:
Հիմա, երբ Խորհրդային Միության թշնամիները հովանավորում են հսկայական հակասովետական զանգվածների, Թուրքիայի մեկ երդվյալ թշնամու զոհաբերությունը, հաշվի չառնելով, թե դա ինչպիսի հետևանքների կհանգեցնի, թուրքերի կողմից կդիտարկվի որպես թուլության նշան:
Թույլ տվեք Ձեզ ներկայացնել ևս մեկ ճշմարտություն: Մասնակի հայրենադարձությունը չի լուծի Հայաստանի արտագաղթի և խորհրդային իշխանությունների միջև առկա փոխհարաբերությունները: Հավատացեք, ամենակարևորը, ոչ թե մի քանի հազար հայերի հայրենադարձություն կազմակերպելն է, այլ հայ գաղթականության մոտ խորհրդային իշխանությունների հանդեպ դրական տրամադրությունների ստեղծումը և վերջինիս օգտագործումը՝ ի շահ Խորհրդային Միության և Հայաստանի:
Չեմ կարծում, որ, ինձնից բացի, կգտնվի մեկ այլ ավելի հարմար թեկնածու, ով ավելի լավ կարող է իրականացնել այդ՝ հիմնականում հայրենասիրական առաքելությունը: Չեմ կարծում, որ Դուք կթերագնահատեք իմ նախկին փորձը, ֆեոդալական Թուրքիայի հանդեպ ունեցած իմ դիրքորոշումը և իմ կողմնակիցների վճռականությունը, որը ցուցադրական վերածվում է Սովետական Միությանն ուղղված պլացդարմի:
Քաղաքացի գեներալիսիմուս,
Չհեռանալով Սոֆիայից՝ ես ցուցաբերել եմ բարձր հայրենասիրություն, և անկեղծ ցանկությունս է հաշտվել խորհրդային կառավարության հետ: Ես մնացի՝ վստահելով Ձեզ:
Ով ճշմարիտ մեծությամբ անկեղծ հավատում է մեծ մարդուն, չի մեղանչում:
Հավատում եմ, որ իմ ասպետականությանը կպատասխանեք ասպետությամբ:
Գ. Տեր-Հարությունյան, 16 դեկտեմբեր 1947թ.
ՀԳ. Գարեգին Նժդեհը մահացավ 1955-ին «Վլադիմիր» բանտում: