Մարդկությունն այսօր կանգնած է անդունդի եզրին: Գոյություն ունեցող քաղաքակրթական մոդելի կամ մոդելների միջոցով մարդկության առջև ծառացած որևէ խնդիր հնարավոր չէ լուծել: Հարցեր լուծելու համար նախատեսված միջազգային տարաբնույթ կառույցները, տարանուն կազմակերպությունները, կուսակցությունների միավորումները, առանձին կուսակցությունները վաղուց արդեն ինքնասպառված են: Ինչ գնով էլ լինի՝ ինքնավերարտադրվել և ծառացած պրոբլեմների լուծման իմիտացիոն մեխանիզմների միջոցով դրանք փոխանցել գալիք սերունդներին. սա է այս բոլոր միջազգային և նրանց նմանակները հանդիսացող տեղային կառույցիկների գործունեության միակ նպատակը:
Մարդկության զարգացման հետագա ընթացքն առանձին անհատների միջոցով պիտի տեղի ունենա, անհատներ, ովքեր նոր գաղափարների, աշխարհընկալման նոր, եղածից էապես տարբերվող պատկերացումների, աշխարհի, մարդկության ապագայի նոր տեսլականի կրողները կլինեն: Քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործիչների ճգնաժամն էլ ավելի է խորանալու, քանզի մարդկության առջև ծառացած խնդիրների ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ զուտ դատողական, բաժանարար տրամաբանության մեխանիզմների գործածմամբ, որտեղ առկա են միայն շահամոլական նպատակներն ու դիտավորությունները, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է ոչինչ տալով վերցնել առավելագույնը, որտեղ կենդանի բնությունը, մարդկային և հասարակական հարաբերությունները ծառայեցվում են միայն ու միայն մեկ, առավելագույն շահի գաղափարին, կարճ ասած՝ կուսակցականությանը հատուկ մոտեցումների, պարադիգմաների միջոցով ԱՆՀՆԱՐ Է: Քաղաքական կուսակցությունների գոյությունն ավելի ու ավելի է խորացնելու ճգնաժանը: Այս կառույցների յուրաքանչյուր քայլ, ցանկացած գործողություն ավելացնելու է մարդկային բոլոր հարաբերություններում առկա քաոսի աստիճանը՝ էլ ավելի անկառավարելի դարձնելով բոլոր պրոցեսները:
Ապագայի բոլոր խնդիրները լուծվելու են բազմաթիվ միակների միջոցով: Թե անհրաժեշտության պարագայում ինչպիսին կլինեն նրանց համախմբվելու, միահամուռ գործելու, կառավարման մեկ, միասնական գործիքի վերածվելու մեխանիզմները, ապագան ցույց կտա: