Քանի որ խոսք է գնում էլեկտրոմոբիլների ներկրումը խթանելու մասին, մի քիչ կիսվեմ իմ գիտելիքներով:
Էլեկտրոմոբիլների համար Հայաստանը դրախտավայր է, քանզի դրանք հիմնականում աշխատում են ռեկուպերացիայի մեթոդով (վայրէջքի ու արգելակման ժամանակ էլեկտրոշարժիչն աշխատում է որպես գեներատոր ու լիցքավորվում է), իսկ Հայաստանի ռելիեֆն ավելի քան բարենպաստ է դրա համար, քանի որ ուղիղ ճանապարհներ համարյա չկան:
Հայաստանը չունի էներգակիրներ, որոնք օգտագործվում են ավտոմոբիլի շահագործման համար, չունի քսանյութերի մեծ արտադրություն, հիմնականում ներկրվում է, ինչն ավելացնում է շահագործական ծախսերը:
Հայաստանը չունի ավտոմեքենաների արտադրություն, ինչի պատճառով ավտոմոբիլի ինքնարժեքը բարձր է։ Հավելյալ ծախսերը, որոնք առաջանում են շահագործական նյութերի պատճառով, եթե ուղղվեն ավտոպարկի որակի բարձրացմանը, ավտոպարկը զգալիորեն կթարմանա: Եթե յուղի, բենզինի, գազի և այլնի համար ծախս չպիտի արվի, կարելի է այդ գումարն ուղղել ավելի թանկ ու որակով մեքենա գնելուն:
Բնապահպանությունը. թունավոր արտանետումների քանակի կրճատումը, որը նույնպես, եթե հիմա շատ օրհասական չէ աղտոտվածությունը (որն, ի դեպ, ստուգված չէ, ընդամենը ենթադրություն է) հետո կարող է դառնալ օրհասական, քանի որ հիմնականում կատալիզատորները հանած են շահագործվում մեքենաները ու էդ վիճակում ստանում տեխզննման կտրոն:
Ի վերջո հաճույք է շահագործել մի մեքենա, որն ինտելեկտուալ է ու շահագործողից նույնպես պահանջում է ինտելեկտ: Նույն մեքենան ինտելեկտուալ և ոչ ինտելեկտուալ շահագործման դեպքում մեկ լիցքավորմամբ շահագործման ճանապարհը կարող է երկարացնել կոնկրետ Hyundai Ioniq-ի դեպքում՝ մոտ 100 կմ-ով: