Վերջին օրերին դատապարտյալներին ներում շնորհելու հարցի կապակցությամբ հանրության շրջանում սկսված ակտիվ քննարկումները պատճառ հանդիսացան ուսումնասիրելու գործող իրավական ընթացակարգերը, որի արդյունքները բավականին մտորելու տեղիք են տալիս:
Գործող Սահմանադրության 135-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:
Չնայած վերը նշվածին՝ 2018թ. ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՀ օրենքի բովանդակությունից պարզ է դառնում, որ, ըստ էության, դատապարտյալներին ներում շնորհող սուբյեկտը ՀՀ վարչապետն է: Հանրապետության նախագահի իրավասությունները ներման գործընթացում իրականում ձևական բնույթ են կրում:
«Ներման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի:
Արդարադատության նախարարությունը խնդրագիրը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին, ով այն ուղարկում է իր իսկ կողմից հաստատված ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով եզրակացություն ստանալու նպատակով:
Հատկանշական է, որ, հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը, բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:
Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետն ունի բացարձակ ու բացառիկ իրավասություն ցանկացած դատապարտյալի ցանկացած պահի ներում շնորհելու առաջարկություն ներկայացնելու՝ անգամ չստանալով ներման հանձնաժողովի եզրակացությունը:
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:
Սա նշանակում է, որ վարչապետի կողմից կարող է որևէ ուշադրության չարժանանանալ անգամ հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալին ներում շնորհելու գործում, և նա միանձնյա որոշում կայացնի որևէ դատապարտյալի ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար: Այդուհանդերձ, «Ներման մասին» ՀՀ օրենքի բովանդակությունից բխում է, որ դատապարտյալի ներման խնդրագիրը քննարկելիս ուսումնասիրման ենթակա պետք է դառնան հայցվող խնդրանքի էությունը, կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, իր կատարած հանցանքի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը, իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ, պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը, ռեցիդիվի առկայությունը, տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին, առողջական վիճակը, սոցիալական և ընտանեկան դրությունը, խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերը նշվածից հետևում է, որ դատապարտյալին ներման շնորհելուն նախորդում են բավականին լուրջ աշխատանք և մասնագիտական եզրակացություններ՝ վերը նշված հանգամանքները ճշգրտելու համար:
Առհասարակ, ներումը հումանիզմի դրսևորում է, երբ պետության գլուխը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքների ամբողջությունը, իր հրամանագրով ներում է շնորհում այս կամ այն դատապարտյալին:
Մեր դեպքում նախագահի դերը կրում է խորհրդանշական բնույթ: Նախագահը որևէ կոնկրետ դերակատարություն չունի ներման գործընթացքում, ինչը չի բխում խորհրդարանական հանրապետության և գործող սահմանադրաիրավական կարգավորման փիլիսոփայությունից:
Իշխող քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ վերջին օրերին խոսում են «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության և իշխանության հավասարակշռման անհրաժեշտության մասին: Նշված ցանկության և տրամադրվածության կոնկրետ դրսևորում կլինի, եթե օրենսդիր իշխանությունը հանդես գա «Ներման մասին» ՀՀ օրենքն արմատապես փոխելու նախաձեռնությամբ՝ դատապարտյալներին ներման շնորհելու ԻՐԱԿԱՆ բացառիկ իրավասությունը վերապահելով պետության գլխին՝ հանրապետության նախագահին:
Ելնելով վերը նշվածից՝ հորդորում եմ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը և անձամբ ՀՀ վարչապետին ձեռնարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ մեր երկրում դատապարտյալների ներման իրավունքն ամբողջությամբ ՀՀ նախագահին փախանցելու համար: Սա նաև կարևոր ուղերձ կլինի հանրությանը, որ Հայաստանի նոր իշխանությունը կառչած չէ «սուպերվարչապետությունից», ավելին՝ «սուպերվարչապետության» համար հատուկ պատվերով կարված «կոստյումը» երբեմն չի սազում և մի քիչ մեծ է, իսկ վերջին հաշվով՝ իրենք կատարում են հանրության առջև ստանձնած պարտավորությունները: