7-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները` քննարկելով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Նիստը մեկնարկել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ներկայացնելուց:

Նշենք, որ ԱԺ-ի քննարկման կներկայացվեն դեռևս 6 հանձնաժողովների նախագահների թեկնածությունները`  Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Անդրանիկ Քոչարյանի, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարազդատ Կարապետյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Ինչպես նաև կներկայացվեն ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի համար Միքայել Մելքումյանի թեկնածությունը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն իսկ հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը: Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, 1 հանձնաժողով էլ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 

Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին ներկայացնելուց հետո խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ կընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին:  

Նշենք, որ օրակարգում ընդգրկված են նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել