Մարդկությունն իր գոյության ողջ ժամանակահատվածի ընթացքում փորձել է հասկանալ երազի էությունը։ Հիմա կա նաև հատուկ գիտություն՝ օնեյրոլոգիա, որն ուսումնասիրում է երազները։ Նրանք, ովքեր էզոթերիային ավելի շատ են հավատում, քան գիտությանը, իրենց երազները փորձում են բացատրել երազահանների միջոցով և հավատում են, որ դա ապագայի գուշակությունն է։ Իսկ ահա հոգեբանները կարծում են, որ երազներն արտահայտում են մեր ներկա վիճակը և հաճախ ենթագիտակցության միջոցով մեզ փորձում որևէ կարևոր բան հաղորդել։

Կան մի շարք երազներ, որոնք ընդհանուր են համարվում բոլորի համար։ Դրանք կապված են մեր մշակութային կոդի, մեր նախնիների և անձնական փորձի հետ։ Երազների մասնագետ և հոգեբան Պատրիցիա Գարֆիլդն այդպիսի երազներն անվանել է «ունիվերսալ երազներ»։

Անկում

Մեծահասակներն ավելի հաճախ իրենց երազներում տեսնում են անկում և ոչ թե թռիչք։ Հոգեբան Իեն Ուոլեսի կարծիքով՝ անկման երազը խորհրդանշում է ղեկավարման կորստի հանդեպ վախը։ Դուք այլևս չեք կարողանում ղեկավարել ձեր կյանքի որևէ երևույթ, և թվում է, թե հողը փախել է ոտքերի տակից։ Մտածեք, թե կյանքի որ ոլորտում եք դուք ձեզ ճնշված զգում և ինչպես կարող եք այն շտկել։

Որոշ գիտնականներ անկման երազները բացատրում են պարզագույն ֆիզիոլոգիայով։ Մարմնի քուն մտնելու հետ միաժամանակ նյարդային համակարգը սկսում է հանգստանալ, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը դանդաղում են։ Ֆիզիոլոգիական այս փոփոխություններն ուղեղի կողմից ընկալվում են որպես վտանգ, և այդ ժամանակ մենք անմիջապես արթնանում ենք։

Քննության կամ ելույթի ձախողում

Դուք քաշում եք քննության տոմսը և հասկանում եք, որ ոչինչ չեք հիշում կամ էլ կանգնած եք մեծ լսարանի առջև և չեք կարողանում խոսել։ Այսպիսի երազները կարող են տեսնել ոչ միայն ուսանողները, այլ նաև այնպիսի մարդիկ, ովքեր արդեն ավարտել են ուսումը։ Ամենայն հավանականությամբ, դուք քնից առաջ սթրեսի եք ենթարկվել կամ մտահոգվել եք որևէ բանի մասին։ Այս դեպքում հարկավոր է մի քիչ հանգստանալ։

Հետապնդում

Այսպիսի երազներն ունեն մի քանի բացատրություն։ Լաուրի Լեվենբերգի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր խուսափում են կոնֆլիկտներից և չեն լուծում դրանք, հաճախ այսպիսի երազ են տեսնում։

Ուշադրություն դարձրեք հետապնդողի վրա։ Ձեզ հետապնդողը ձեր ետևից ընկած տհաճ զգացողությունն է կամ իրավիճակը, որի մասին դուք չեք ցանկանում մտածել։ Ձեզ հետապնդողը ծանո՞թ մարդ է։ Մտածեք, թե ո՞ւմ կամ ինչի՞ հետ է նա ասոցացվում։ Երազում նա կարող է ուրիշ բան նշանակել և կապ չունենալ տվյալ մարդու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել