Առավոտը մի հատված լսեցի ԱԺ նիստից: Արարատը դեռ պետք է ընտրվեր, ու Մարուքյանը հարց տվեց, թե ի՞նչ եք անելու սուպերվարչապետի լիազորությունների հետ: Դե, պարզ է հարցի ենթատեքստը, պարզ է նաև Արարատի պատասխանի անորոշությունը: Եղածը երկու կուսակցական գործիչների տիպիկ երկխոսություն էր՝ արժեքային բանավեճի քողի տակ կուսակցական շահերի առաջ տանել: Դա նորմալ է: Նորմալ է այնքանով, որ կուսակցական, այդու՝ պառլամենտական համակարգն այլ բան չի էլ ենթադրում: Ինձ տվյալ դեպքում բացարձակապես հետաքրքիր չէ, թե ով է այդ ենթատեքտսային վեճում ճիշտ, ով՝ սխալ: Մենք պետք է սովորենք իրապես սկզբունքային հարցեր ձևակերպել ու քննարկել, այլապես մեզ բոլորիս կտանեն միջկուսակցական բազառների ճահիճ:
Իսկ սկզբունքային հարց է, օրինակ, այն, որ այսպես կոչված սուպերվարչապետությունից պակաս մարտահրավերային չէ նաև պայմանական «սուպերպառլամենտը»: Կարելի է, օրինակ, հերթական անգամ վերանայել սահմանադրությունը և այս անգամ էլ կրճատել վարչապետի լիազորությունները՝ հօգուտ պառլամետի կամ նախագահի, հետո մի օր նորից վերանայել, և այսպես շարունակ: Սա փակ շղթա է, որովետև զուտ ֆորմալիստական գործ է, և եթե ունի էլ ֆորմայից դուրս բովանդակություն և իմաստ, ապա դա միայն էլիտար տարբեր խմբերի միջև լիազորությունների նորանոր վերաբաշխումն է:
Եթե մենք մի օր նորից պետք է փոխենք սահմանադրությունը, ապա հարցը պետք է լուծվի սկզբունքորեն: Այն է՝ իշխանության վերաբաշխում արվի ոչ թե էլիտաների ներսում, այլ էլիտաների և ժողովրդի միջև: Իսկ դա նշանակում է, որ ուղիղ ժողովրդավարության տարրերը պետք է վերածվեն ինստիտուտների և օրենքների այնպես, որ դրանք հակակշռեն կառավարության, պառլամենտի և մյուսների իշխանությունը: Դա կլինի իսկական հեղափոխական նախաձեռնություն: Ի դեպ, սա խոստացվել է 18 թվի օգոստոսի հանրահավաքին, բայց ինչպես և այդ օրը հնչած մյուս թեզերը, ոչ մեկը զարգացում չստացավ:
Սուտ է, որ պառլամենտարիզմը, ներկայացուցչական սկզբունքն ընդհանրապես կապ ունեն ժողովրդի իշխանության հետ: Կուսակցությունները և պառլամենտները ոչ միայն Հայաստանում, բայց առավել ևս Հայաստանում ներկայացնում են ոչ թե ժողովրդի, այլ ազդեցիկ խմբերի՝ ներսի և դրսի: Դա բնական և անխուսափելի օրենք է՝ արտացոլում ուժային ռեալ հարաբերությունների: Ավելի մեծ լիազորություններ տալ պառլամենտին նշանակում է ընդամենը ավելի շատ հնարավորություններ տալ կուսակցություններին ավելի արդյունավետ քաղաքական գործարքների կատարելու, ներսի և դրսի հզորների շահերն ավելի լավ ներկայացնելու համար: Իրական լուծումը, կրկնեմ, պետք է լինի ավելի շատ իշխանություն տալ ժողովրդին, ոչ թե հերթական անգամ վերաբաշխել ազդեցությունն իշխանության ճյուղերի միջև:
Սահմանադրական այս փոփոխությունը՝ ուղիղ ժողովրդավարության տարրերի ինստիտուլիալիզացիայով, պետք է մասը լինի ավելի լայն քաղաքականության: Հրաժարվել կապկորեն պատճենվող հանրային ձևերից, փոխառյալ հասարակարգից և, ինչպես խոստացվել է նույն օգոստոսյան հանրահավաքին, անցնել հայկական հասարակարգի կառուցմանը: Գիտեմ, որ դա կարող է հնչել որպես ինչ-որ վերացական էկզոտիկա: Իրականում շատ նյութական և պարզ գաղափար է: Արդեն 3 տասնամյակ է, ինչ հայկական քաղաքական փորձն ապացուցում է, որ հայ հասարակության քաղաքական դրսևորման ամենաբնական ձևն ազգային-դեմոկրատականն է՝ հիմքում ունենալով համազգային զանգվածային հրապարակային շարժումները՝ որպես ինքնակազմակերպման ձև: Համապատասխան դա էլ պետք է ձևակերպի մեր նոր հանրային կարգը՝ էությամբ, ոչ թե անվամբ դեմոկրատական, և ազգային: Ազգային ասելով այստեղ նկատի ունեմ ոչ թե ինչ-որ վերացական պատկերացումներ ազգի մասին, այլ այն, ինչպես ազգն իրապես ինքնադրսևորվում է պատմության մեջ:
ՀԳ. Լավ կլիներ, իհարկե, նաև ընդհանրապես վերանայել պառլամենտական հանրապետության համակարգը, բայց դա ուրիշ թեմա է: