ՓԱՍՏԱԲԱՆԸ…
Իմ խորին համոզմամբ՝ փաստաբաններն ունեն որոշակի ու կոնկրետ առաքելություն` նպաստել արդարադատության իրականացմանը, լրջորեն աջակցել հասարակության իրավագիտակցության բարձրացմանն ու անել հնարավորը` հասնելու իրավունքի գերակայության հիման վրա իրավական պետության կառուցմանը և նրա հետագա անշեղ զարգացմանը:

Համաձայնե՛ք, դրա համար անհրաժեշտ է, որ փաստաբանները մշտապես ստանձնեն լոկոմոտիվի կարգավիճակ, վերցնեն իրենց վրա ապագայի կառուցման պատասխանատվության իրենց բաժինը, որը, չեմ բացառում, կարող է նաև բարդ ու փշոտ լինել…

Աշխարհին հայտնի են բազմաթիվ մեծավաստակ փաստաբաններ, ովքեր ոչ միայն դարձել են լոկոմոտիվ իրենց պետության զարգացման գործում, այլև իրենց գործունեության արդյունքում պատմության կտրվածքով վերածվել են խորհրդանիշների։ 

Գուցե ճոխ է հնչում, բայց այն համոզմունքն ունեմ, որ ինքնահարգանք ունեցող փաստաբանները պետք է գիտակցեն, որ հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության դեսպաններ` այդ բառի ամբողջական, այդ թվում՝ պատասխանատվության զգացումով հանդերձ։

Մենք երբեմն որպես չափանիշ և բարի նախանձով օրինակ ենք բերում արևմտյան զարգացած երկրներին և երազում նմանվել նրանց` մոռանալով, որ այդ ամենին հասնելու համար դեռևս երազելը քիչ է, դեռևս ընդօրինակման մասին տարիներ շարունակ կուրծք ծեծելը քիչ է: 

Այդ մարդիկ, այդ հասարակությունները, այդ ժողովուրդներն այժմյան վիճակին հասնելու համար պայքարել են, տվել են իրենց բաժին զոհը, մաքառել են, չեն ընկրկել, չեն համակերպվել անարդարությանը, չեն հանդուրժել ամենաթողությունը և այսօր վայելում են դրա պտուղները։

Մարտին Լյութեր Քինգը փաստաբան չէր, բայց իր իրավապաշտպան գործունեության արդյունքում նա այնպիսի զարգացում ապահովեց քաղաքացիական իրավունքների ասպարեզում, որ նրա սպանությունից հետո ԱՄՆ-ում նրա ծննդյան օրը` հունվարի 20-ը, նշվում է որպես ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ:

Արդյո՞ք փաստաբանությունը հենց նույն իրավապաշտպանությունը չէ, արդյո՞ք փաստաբանի առաքելությունը հենց իրավապաշտպանի, ասել է, թե՝ պայքարողի, մաքառողի, արժեքների համար կռիվ տվողի, նոր ու ազատ հասարակություն կերտելու դրոշակակրի առաքելություն չէ, վերջապես, արդյո՞ք փաստաբանի առաքելությունը հենց արժանապատիվ ապագայի պատասխանատվություն չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել