Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին`Թյուրքան ավանում գտնվող նավերի վերականգնման կենտրոնում առաջին անգամ ցուցադրել են իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության SkyStriker ԱԹՍ-ները:
SkyStriker ԱԹՍ-ն կարող է տեղափոխել 35 կգ քաշ, առավելագույն թռիչքային ժամանակը կազմում է 2 ժամ: ԱԹՍ-ն կարող է խոցել թիրախները տարբեր անկյունների տակ`վայրէջքն իրականացվում է պարաշյուտի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ղարաբաղում 2016թ.-ին ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում(корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։
Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը` Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային`օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։
Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն` Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ մարդկային գործոնը բացառել` կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Ալիևը սպառնում է ՀՀ-ին ու Արցախին`Պոլոնեզ և Լորա համակարգերով նշելով, որ ՀՀ-ի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ թիրախավորվել է: Ադրբեջանի ղեկավարությունը նշում է, որ շարունակելու է նաև 2019թ.-ին ՀՀ-ին տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականությունը`Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ-տրանսպորտային, ռազմա-քաղաքական եռակողմ դաշինքը շարունակում է ամրապնդվել: Բաքուն ցանկանում է ճեղքել Նախիջևանի բլոկադան`կառուցելով Կարս-Նախիջևան երկաթգիծը: Բացի այդ, Ադրբեջան-Իրան երկաթգծի շահագործումից հետո իրանական ապրանքները դեպի Սև ծով`Վրաստան և այլ երկրներ կարտահանվեն ադրբեջանական տարածքով`դրանով Բաքուն ցանկանում է նվազեցնել հայ-իրանական տնտեսական կապերն ու հայաստանյան տարածքի տարանցիկ նշանակությունը Թեհրանի համար:
Ադրբեջանը գնում է նոր զինատեսակներ`շարունակում է ապրապնդել կապերը ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսի ու Ղազախստանի հետ, ինչպես նաև գտնում է ռազմա-քաղաքական նոր դաշնակիցներ`Պակիստան, Սաուդյան Արաբիա և այլն:
ՀՀ-ն ու Արցախը պետք է նախապատրաստեն հասարակությունները պատերազմին, այլ ոչ թե բթացնեն հասարակության զգոնությունը խաղաղասիրական քարոզչություն իրականացնելով: Բաքուն սկսելու է լայնածավալ պատերազմ`երեք ամսից, չորս կամ մեկ տարի անց, սակայն պատերազմ լինելու է`դրան պետք է ակտիվորեն պատրաստվել ռազմական, տնտեսական, թիկունքային ապոհովության, բարոյահոգեբանական և այլ ոլորտներում:
2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմն այսպես կոչված հետախուզություն էր մարտով(разведка боем),ստուգելու համար ղարաբաղյան ճակատի թույլ և ուժեղ կողմերն ու բացահայտելու Մոսկվայի հնարավոր արձագանքն այդ սադրանքին: Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց գրավել մի շարք ռազմավարական դիրքեր`Թալիշի մերձակայքում ու Արցախի հարավում`Լելե Թեփեի ուղղությամբ: Այդ երկու հենակետերը հաջորդ պատերազմում թույլ են տալու Բաքվին ռազմական գործողություններ վարել ավելի բարենպաստ ստարտային պայմաններով:
Բացի այդ, վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ միջդիրքային տարածության կամ չեզոք գոտու հաշվին կարողացավ առաջ գալ ու կրճատելով միջդիրքային տարածությունը սպառնալ ՀՀ-ի ռազմավարական կարևորությամբ ճանապարհներին`Երևանը` Սյունիքի ու Իրանի հետ կապող ճանապարհին ու Երևան-Գորիս-Լաչին ճանապարհին, ինչը հարվածի տակ է դնելու հայկական զորքերի տեղաշարժը դեպի Արցախ:
Բաքուն օգտագործել է ՀՀ-ում թավշյա հեղափոխության հետ կապված իրադարձությունները նախիջևանյան ուղղությամբ դիրքերի ամրապնդման համար`դա արվում է հաջորդ պատերազմում Նախիջևանից ամբողջ ՀՀ-ին, այդ թվում Սյունիքին ու Երևանին սպառնալու համար: ՀՀ-ն ստիպված կլինի մեծ քանակությամբ զորքեր պահել Նախիջևանի սահմանին`այդ կերպ Արցախին չկարողանալով մեծ քանակությամբ օգնություն տրամադրել լայնածավալ պատերազմի դեպքում:
Վերջերս էլ Ադրբեջանն իր սահմանապահ զորքերին տեղակայեց ՀՀ-ի Տավուշի մարզի սահմանին`հայ-ադրբեջանական պետական սահմանին, իսկ այդ ուղղությունից լրացուցիչ ստորաբաժանումներ հանեց և տարբեր տեղեկությունների համաձայն այդ ուժերը տեղակայեց Ղարաբաղի ուղղությամբ`այդ կերպ ուժեղացնելով այն հարվածային խմբավորումը, որը հաջորդ պատերազմում գործելու է Արցախի դեմ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանապահ զորքերը նույպես լավ զինված ու պատրաստված են ու այդ կերպ Բաքուն ամրապնդում է նաև Տավուշի սահմանը:
Բաքուն փորձում է հայկական կողմերի համար բանակցային գործընթացում առաջացնել ցուգցվանգ`բանակցել շրջաններ հանձնելու մասին, ինչն անընդունելի է հայկական կողմերի համար կամ գնալ լայնածավալ պատերազմի`պատերազմի սպառնալիքով Ադրբեջանը փորձում է հասնել բանակցային գործընթացում միակողմանի զիջումների: