Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց:
Գործակալությունն իր ֆեյսբուքայն էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, քանի որ Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում, Գործակալությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում։
Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ դուք թույլատրում եք հավելվածին⬇
ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը,
կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,
գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,
հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս ու հորդորում չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար ձեր ու այլ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»։