Ամփոփի´ր մտքիս և զգայության
Տեսանելիքի պատուհանները, պարուրի´ր այնպես,
Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝
Ամեն մրրկահույզ ալեբախումից,
Առօրյա նանիր հոգսերից բոլոր,
Անրջական սին երազանքներից,
Այս ցնորքներից խենթ ու խոլական,
Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ:
Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից,
Լիովին զգաստ ու հոգենորոգ
Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝
Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ,
Ո՜վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո´ր,
Գրիգոր Նարեկացի
Վերջին տարիներին մեզ մոտ կարծես ազգային բնորոշ գիծ է դարձել քննադատելն ու փնովելը: Եվ դա մենք անում ենք անասելի ջանասիրությամբ ու հաճույքով: Առանց խղճի խայթ զգալու կարող ենք պախարակել, վարկաբերել և նսեմացնել մարդուն: Բայց դրա մասին չէ, որ կուզեի խոսել, այլ փաստել, որ մեր ժամանակներում դեռևս հանդիպում են հիացմունքի ու գովասանքի արժանի երևույթներ:
Վերջերս կայացավ «Հովիվը» ֆիլմի պրեմիերան, որին պատիվ ունեցա ներկա լինել նաև ես: Ֆիլմը մի անգամ դիտելով չբավարարվեցի և որոշ ժամանակ անց դիտեցի ևս մեկ անգամ:
Ֆիլմի դիտումից հետո, բնականաբար, շատերը խոսեցին ու գրեցին` ոմանք լավ, ոմանք վատ, եղան քննադատություններ: Իհարկե, ընդունում եմ առողջ քննադատությունը, սակայն այս պարագայում անիմաստ եմ համարում անտեղի քննադատությունը: Չեմ ժխտում, կային աննշան թերություններ, բայց դա ըստ իս, անծայրածիր անապատի մի ավազահատիկն էր ընդամենը: Ո´չ, ես ստեղծագործական խմբի դատապաշտպանը չեմ, ես հանդիսատես եմ, ով մեծ տպավորություն ստացավ ֆիլմի դիտումից:
Չեմ կարող մտաբերել, թե վերջին անգամ, ե՞րբ եմ այդպես կլանված ու իրականությունից կտրված դիտել մի որևէ կինոնկար: Ես կինոարվեստի հետ բացարձակապես կապ չունեմ և չեմ կարող խոսել կինոնկարի գեղարվեստական արժանիքների մասին: Բայց ես կարող եմ խոսել այլ տեսանկյունից, որպես աստվածաբան: Իսկապես, փորձը շատ հաջոված է, ներկայացնել մի մարդու, ով համաշխարհային մեծություն է, և ինչպես ֆիլմի ռեժիսորն է ասում. «Նա շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք»: Դա իսկապես շատ դժվար է: Բայց ի պատիվ ֆիլմը ստեղծողների, նրանք կարողացել են հանդիսատեսին փոխանցել ժամանակի շունչը: Իսկապես նկարահանվել է մի ֆիլմ, որով հաջողվել է ներկայացնել Մեծն Նարեկացուն՝ իր իսկ իսկական կերպարով:
Չգիտեմ, գուցե շատերը հեգնանքով մոտենան ասածիս, բայց կխոստվանեմ, ֆիլմի դիտումից հետո ինձ մոտ առաջին իսկ ցանկությունը եղավ այն, որ ապաշխարեմ ու թողություն խնդրեմ Ամենակալ Աստծուց: Միևնույն ժամանակ, հանգիստ ու խաղաղված էի զգում ինձ, կարծես հոգեպարար տրամադրության մեջ լինեի: Ես երբեք ֆիլմ դիտելիս նման զգացողություն չեմ ունեցել:
Իմ խորին համոզմամբ, Նարեկացին դասվում է այն մեծերի շարքին, ովքեր պետք է լինեն մեր այսօրվա երիտասարդ սերնդի կուռքերը, բառիս բուն իմաստով: Նարեկացու կյանքը իր ձգտումների ու մաքառումների իրական պատմությունն է, այն հարազատ պատկերն է հայի տեսակի ներաշխարհի ու աշխարհայացքի: Երբ խոսում ենք Նարեկացու մասին պատկերացնում ենք աղոթքի կենսատու դերը մեր կյանքի մեջ: Սուրբ են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքով ու գործով ապրել ու արժևորել են քրիստոնեական հավատքը, այդպիսին էր Նարեկացին իր կերպարով հանդերձ:
Մենք պարտավոր ենք ուղղակի ճանաչել մեր սրբերին, մեր նահատականերին, նրանց, ովքեր իրենց մտքով, հոգով ու արյամբ իրենց մեծությունը կերտեցին: Ճանաչումն աղբյուրն է հավատքի, ճանաչումն առանցքն է ինքնության: Առանց այդ իսկ ճանաչումի՝ ինքնաճանաչում չկա: Ներկա պայմաններում հատուկ կարևորություն պետք է տրվի մեր ազգի ու եկեղեցու մեծերի հանրահռչակամանը, նրանց, ովքեր մեր հոգեմտավոր արժքեներն ստեղծեցին, մեր հավատքի առաքելությունը կենսագործեցին, կրոնի ու հայրենիքի պաշտպանության պատերազմը մղեցին ու իրենց հոգու արիությամբ մեր լուսապսակ պատմությունը կերտեցին: Այս տեսանկյունից արվել է համարձակ փորձ և պսակվել հաջողությամբ:
Որպես Ազգ, Եկեղեցի ու Հայրենիք, որքան կարիք ունենք ճշմարիտ մեծությունների: Այլապես մեր կյանքը պետք է ճահճանա ու գունաթափվի: Համաշխարհայանացման ներկա ժամանակաշրջանում, երբ մարդկային պատմությունը ստացել է վտանգներով ու անորոշություններով լեցուն նոր ընթացք՝ արժեքների նահանջով, ինքնությունների աղավաղումով, նոր չափանիշների ու մոտեցումների առաջացումով, նոր մտածելակերպերի ու կենցաղակերպերի ստեղծումով, այսօր, առավել քան երբևէ, մեր «փոքր ածու» լինելու հրամայականն է, որ կարիք ունենք նոր մեծությունների: Մեր Ազգը, մեր Հայրենիքը ու մեր Եկեղեցին պահանջ ունեն մեր ունեցած մեծություններին նորովի ներկայացնելու՝ շնչող ու ներշչնող:
Առավել քան երբեք, այսօր մեր եկեղեցին կոչված է վերակենսավորելու և վերարժևորելու իր հավատի առաքելությունը, որը պետք է իր մեջ բովանադակի ազգային, հոգևոր, բարոյական և մշակութային արժեքների տարածումը:
Եկեղեցին հաստատություն չէ, այլ առաքելություն իր էությամբ ու կոչումով: Հետևաբար, եկեղեցին իր ճշմարիտ և լիառատ արժեքը ու վավերական դիմագիծն ստանում է այն ժամանակ, երբ իր առաքելոթյունը իրագործում է լիովին: Առաքելություն, որն այնքան հրամայական է ներկա աշխարհի ապահայացնող հոսանքների դիմաց: Եկեղեցին հոգևոր արժեքների աղբյուր է: Եկեղեցու կոչումն է` քրիստոնյա մարդու կյանքը լցնել հոգևոր ապրումներով ու արժեքներով: Այդ արժեքներն են, որ մեր կյանքը կիմաստավորեն, կհարստացնեն ու կգունազարդեն: Դրանք են, որ մեր կյանքին խորք ու ինքնություն են տալիս: Դրանք են, որ մեզ առաջոնրդում են դեպի Քրիստոս: Քրիստոնյա մարդը իր կյանքի դիմաց պետք է ունենա իրենց սրբակենցաղ վարքով Աստծու ներկայությունը ապրած անձեր, նրանց կյանքի օրինակով իր կյանքը ապրելու համար:
Հավատքը մեր ժողովրդի համար եղել է ու միշտ կմնա լինելիության իրականություն՝ սերտորեն շաղախված մեր ամենօրյա կյանքին: Քրիստոնեական հավատքը միշտ պետք է մնա մեր ժողովրդի կյանքի ճշմարիտ սնուցիչը, մեր զորության անսպառ աղբյուրը, մեր կյանքի լուսատու փարոսը: Այդ հավատքը մեզ նաև պետք է առաջնորդի և գոտեպնդի հավատարիմ մնալու մեր ազգային ինքնությանը` Հայ Եկեղեցուն, որ ցավոք սրտի, մեր ժամանակներում բազմիցս ենթարկվում է աղանդների քայքայիչ «գրոհներին»:
Մենք մեզ կարող ենք հպարտ զգալ, որովհետև ունենք Գրիգոր Նարեկացի և շատ ուրիշ մեծեր: Նարեկացու հանդեպ մշտարծարծվող մեր զգացմունքը հար և նման է իր իսկ զգացմունքին առ Աստված. «Հետապնդում եմ ու չեմ հասնում»: ՈՒստի և նա, ավելի քան մեկ հազարամյակ, յուրաքանչյուրի համար մնում է նույնը, ինչպիսին էր իր համար իր Բարձրյալը. «Անմատչելի հեռավոր և անըմբռնելի մերձավոր»:
Պետք է առանձնացնել և մեր գնահատանքի խոսքն ուղղել Հայ Կաթողիկե Եկեղեցու Արևելյան Եվրոպայի, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին, ով քաջություն ունեցավ նման դժվարին ու պատասխանատու առաքելությունը կրելու իր ուսերին: Բոլորս լավ գիտակցում ենք, թե որքան դժվար է Նարեկացի լեգենդի մասին փորձել ֆիլմ նկարահանել և այն ներկայացնել այնպես, որ յուրաքանչյուրիս ներսում, մեր իսկ կողմից կերտված Մեծն Հովվի կերպարը չաղավաղվի ու չխաթարվի:
Թող այս ֆիլմի ծնունդը դառնա սկիզբ մեր սրբերի ու եկեղեցու նվիրյալ մեծերի վարքն ու գործունեությունը հավուր պատշաճի ներկայացնելու և հանրահռչակելու համար:



