«Միայն ընտրյալների համար» արտահայտությունը ամենաստորացուցիչն է երբևէ լսածներիցս: Ի՞նչ է նշանակում ապրել մի երկրում, մի հասարակության մեջ, որտեղ թե հեռուստացույցով, թե փողոցում ամեն վարկյան շեշտում են, որ կոնկրետ ապրանքը, կամ ծառայությունը միայն ընտրյալների համար է: Արդյուքնում հասարակության մեջ ձևավորվել է մի շերտ, որը առատորեն օգտվում է բոլոր հնարավոր բարիքներից ու հաճույքներից, իսկ մնացյալը՝ այսինքն ոչ էլիտար հասարակ մահկանացուներս, անկարող ենք առնչվել այդ ամենի հետ. Մեր ձեռքն այդ պտուղներին պարզապես չի հասնում:

Միայն ընտրյալների համար նախատեսված միջոցառումների շարքին, թերևս, կարելի է դասել  ապրիլի 22-ին աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելլի Հայաստանում կայանալիք համերգը: Տոմսերի արժեքը՝ 30-120.000 դրամ: Բնավ դեմ չեմ, որ Բոչելլին արժի, որ իրեն լսելու համար այդքան վճարես: Բայց ինձ համար համայն հայության ոգևորությունը մի քիչ դժվար է ընկալելը: Ինչի՞ վրա ենք ուրախանում, եթե մեկ է, չենք կարողանալու այդ երաժշտական տոնի մասնակիցը դառնալ: Բոչելիի համերգը դառնալու է հայկական գավառական Էլիտային ու իրենց հարեմին ուրախացնելու հերթական փակ միջոցառումը:

Անձամբ ես, որ համեմատաբար վատ չեմ վաստակում,  և ինձ կարող եմ թույլ տալ շաբաթը մի քանի անգամ ասենք թանկ ճաշել ու վատ էլ չեմ հագնվում, չեմ կարողանա տոմսի համար այդքան վճարել: Եթե նաև հաշվի առենքն, որ գնալու դեպքում ընկերուհուս փոխարեն էլ եմ ստիպված լինելու վճարել և տոմս ձեռք բելելու պահին էժան տոմսեր մնացած չեն լինելու, ապա վիճակս ավելի անհետաքրքիր է դառնում:

Հավանաբար այս թեմայով քարկոծումից խուսափելու համար Մշակույթի նախարարությունը համառորեն հրաժարվում է  կազմակերպիչներին գաղտնազերծել և չի ցանկանում կրքերը թեժացնել ու վտանգել համերգի կայացումը: Բայց ախր մի օր հրապարակելու եք չէ՞:

Վերջապես ի՞նչ է ուզածս: Չէ, չեմ պնդում, որ ավելի լավ կլիներ, եթե համերգն ընդհանրապես չկայանար և կապույտ արյունով սակավաթիվ հայերին էլ հաճույքից զրկեինք, պարզապես ցանկանում եմ նշել, որ  այս առումով ավելի բարոյական էր «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի արածը, երբ իր նախաձեռնությամբ Հայաստան հրավիրեց ոչ պակաս հայտնի Յան Գիլանին, իսկ տոմսերը բավական մատչելի էին: Անձամբ իմ ձեռք բերածը 15.000 դրամ արժեր: Իրականում մարդն իր գրպանից հավելյալ գումար էր վճարել, որ տոմսի արժեքն ավելի մատչելի դառնար:  Ասեմ, որ անխտիր բոլորը համերգը վայելեցին, նույնիսկ նրանք ովքեր չմասնակցեցին: Չմասնակցողը գիտեր, որ ցանկության դեպքում մասնակցել կարող է, պարզապես չհարմարեցրեց գնալ: Այդ ուրախությունը նաև իրենն էր…

Բոչելլի դեպքում ուրախությունը ձեզ հետ կիսել ցավոք չեմ կարող:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել