Երեկ «Կենդանի մատյանում» շատ հետաքրքիր քննարկում էր, թեման` դարձյալ երիտասարդություն: Ի ուրախություն ինձ՝ հնչեցին շատ-շատ ճիշտ կարծիքներ: Միայն մի նկատառում, հյուրերից մեկը ասաց, թե հեռուստատեսությունը այնքան էլ մեծ նշանակություն չունի երիտասարդների դաստիարակության գործում, որ ներկայումս մենք չգիտես ինչու փորձում ենք ամեն բան բարդել հեռուստատեսության վրա: Վստահ եմ՝ եթե մեկ օր նա մտներ դպրոց, շփվեր երեխաների հետ, կզգար հեռուստատեսության ահռելի ազդեցությունը երեխաների (հետագայում նաև երիտասարդության) ճաշակի ձևավորման գործում: Ես դա ինձ համար ապացուցել եմ գործնականում: Մի օր որոշեցի դասս սովորականի պես, ստանդարտ կանոններով չանցկացնել, ինչ-որ փոփոխություն մտցնել դասի մեջ, որը երեխաներին և՛ ավելի կակտիվացներ, և՛ միաժամանակ կկրթեր: Երեխաներին առաջադրանք հանձնարարեցի (ինֆորմատիկայի դասաժամ էր, նրանք էլ գործնական աշխատանք պիտի անեին. word-ով տեքս հավաքեին ընդամենը), որը պետք է կատարեին միաժամանակ երաժշտություն լսելով: Երաժշտությունը ընտրում էի ինքս: Սկզբում ընտրեցի Մոցարտ: Սա, մեղմ ասած, դուր չեկավ էրեխեքին. չես մեղադրի, ականջները սովոր չի նման երաժշտության, միանգամից մեծ չափաբաժին էի ներարկում: Որոշեցի մի փոքր պարզեցնել. Բոչելլի: Սկզբում Ավե Մարիա, երեխաների մոտ դարձյալ խուճապ է, մեկը ականջներն է փակում, մյուսի համար այդ երաժշտությունը ծիծաղելի է, մեկի քունն է տանում, իսկ մյուսը առաջարկում է Արման Հովհաննիսյան, Թաթուլ և ռաբիզ աշխարհի այլ ներկայացուցիչների լսել... Բայց նրանց հասկացրեցի, որ ստիպված են լսելու այն երաժշտությունը, որը ես եմ ընտրում, որովհետև ի վերջո նրանց մեջ պիտի երաժշտական ճաշակ ձևավորվի: Էլի մի քանի երգեր լսեցին, բոլորն էլ դեմքի խոժոռ արտահայտությամբ: Բայց հենց սկսվեց էս երգը, միանգամից ոգևորության ալիք բարձրացավ. «Վայ, էս երգը ես լսել եմ», «Վայ, էս ինչ ծանոթ ա», «Չփոխեք էս երգը, սա ԷՆ ՌԵԿԼԱՄԻ ԵՐԳՆ Ա»: Հասկանում եք, երեխան շեշտում է, որ էդ երգը ինքը սիրում է, որովհետև հնչել է գովազդում! Դժվար չէ կռահելը, թե ինչու է դա սիրում, իսկ Մոցարտ` ոչ: Որովհետև իր ականջը արդեն սովորել է դրան` օրը մի քանի անգամ լսելով...
Սա գործնականում ապացուցում է հեռուստատեսության, նույնիսկ գովազդի հսկայական (իմ կարծիքով` գերիշխող) ազդեցությունը երեխայի ճաշակի, էլ չեմ ասում ընդհանուր վարքի, խոսելաձևի, շարժուձևի, ընդհանուր աշխարհայացքի ձևավորման գործում: Այնպես որ, ոչինչ չափազանցեցված չէ, ոչ ոք հենց էնպես ոչինչ չի բարդում «խեղճ ու կրակ» հեռուստաընկերությունների գլխին: