Հեղափոխությունից հետո հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, որ նախկին իշխանությունների օրոք անգամ ամենածանր հանցագործությունների համար դատապարտվածները, անմեղ են, քաղբանտարկյալ են ու պետք է նրանց ազատ արձակել։ Անգամ ահաբեկչության հոդվածներով դատապարտվածները հույս ունեին, որ Փաշինյանի իշխանության օրոք իրեն ազատ են արձակվելու։ Դրանցից մեկն էլ «Դրոյի» գործով դատապարտված Արմենակ Մնջոյան էր, ով կարծում էր, որ իր մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինած իշխանություններն իրեն անարդարացիորեն են դատապարտել ու ներկա իշխանություններից համաներման ակնկալիք ուներ, որը, փաստորեն, չարդարացավ։ Որոշ իրավապաշտպաններ նրան համարում էին քաղբանտարկյալ, սակայն նրա մեղքն ապացուցված էր առնվազն երկու սպանություններում՝ Ներսիսյան ամուսինների և Գ. Սահակյանի։ Հիշեցնենք, որ 1993-1994 թվականների ընթացքում «Դրո» բանդայի կողմից կատարվել են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում՝ դիտավորյալ սպանություններ, թմրամիջոցներ ձեռք բերելու, մաքսանենգ ճանապարհով փոխադրելու և այլ հանցագործություններ:
Ու այսքանից հետո հայտարարել, որ Մնջոյանը քաղբանտարկյալ է, անմեղ է և այլն և այլն ու սպասել արդարցման, անմտություն է։ Նույն տրամաբանությամբ մի քանի տարուց կասեն, որ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ ու պետք է ազատ արձակվի։ Դե Սասնա ծռերի մասով էլ չասեմ, նրանց առանց խոսքի ազատ արձակեցին՝ թքած ունենալով սպանված 3 ոստիկանների հիշատակի վրա։
Ու այստեղից հարց է առաջանում՝ այդ ինչպես է ստացվում, որ ապացուցված սպանության ու ահաբեկչության մեջ մեղադրվողները արդրացավում են, հասարակության մեջ նրանք հերոսացվում, իսկ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաները» կամ Քոչարյանի չապացուցված «Մարտի 1-ը» ոչ մի կերպ չեք մարսում։ Անձնական վրեժխնդրությունը հո պզով-պոչով չի լինում։
Այստեղ մեկ հարց էլ կցանկանայի ուղղել Հայ Առաքելական Եկեղեցուն. այդ ինչպե՞ս ստացվեց, որ դաժան սպանության մեջ մեղադրվողին հուղարկավորում են եկեղեցական կարգով։ Որքանով ես եմ տեղյակ՝ նման հանցագործները նախ պետք է ապաշխարեն, մեղքերի թողություն խնդրեն հոգևորականից, նոր իրավունք ստանան հուղարկավորվելու եկեղեցական կարգով։ Այ Գարեգին Բ ջան, բա սահմանը պահելու ժամանակ զոհված գյումրեցի զինվորի հոգեհանդիստը չէիք թողնում եկեղեցում անել, պատճառաբանելով որ կնքված չէ, հիմա ո՞նց ստացվեց, որ դաժան մարդասպանի հոգեհանգստի կարգն անցկացնում եք եկեղեցում։ Ստացվում է, որ որոշ ուժերի ճնշման տակ ինքներդ դեմ եք գնում սահմանված նորմերին, հակասում եք ինքներդ ձեզ, միայն թե հաճոյանք որոշ զանգվածների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել