Ես վախենում եմ քեզնից:
Ես չգիտեմ, թե քո հարյուրավոր Ես-երից որ մեկն է ինձ այցի եկել:
Դու այնքան շատ ես, որ իրոք վախենում եմ մոտենալ, գրկել, համբուրել՝ ո՞ր մեկին, երեկ քո մեկ Ես-ին, այսօր մեկ ուրիշ քո Ես-ին, և որքա՞ն պետք է շարունակվի:
Վախենում եմ:
Ես խելագարվում եմ քո ամեն մի Ես-ից:
Քո ամեն մի պատկեր ինձ հասցնում է խելագարության:
Քո ցանկացած պատկեր ամեն անգամ ինձ ապացուցում է, որ տեսնում եմ վերջին անգամ:
Ամեն անգամ մտածում եմ, որ էլ չեմ տեսնի քեզ ու վախենում եմ…
Քո ամեն մի այցն իմ բնակարանը դարձնում է անապատում հազարավոր աչքերից թաքնված մի օազիս, որին նայելիս չեմ կարողանում թաքցնել իմ ծարավից ճաքեր տված ագահ հայացքը…
- Նստիր, այնտեղ բազմոցին, իսկ ես կնայեմ քեզ, կզբաղվեմ իմ սիրած գործով:
- Ի՞նչ գործ:
- Քեզ նայելով:
Ծիծա՞ղ:
Ոչ, դա զգացմունքների մի խելակորույս պտույտ է, որ պտտում է ուղեղս, ու կարծես քիչ առաջվա նման ես նորից ոտքերիս տակ չեմ զգում հատակն ու թռչում եմ, թռչում…
- Կտեսնե՞մ քեզ այսօր:
- Բա հիմա ի՞նչ ես անում, չե՞ս տեսնում:
Ծիծա՞ղ:
Ոչ, դա ձեռքերիս մեջ հալվող այն սառցալուլան է, որը քիչ առաջ պատրաստ էր ընկնելու ու վերջնական ջախջախելու գլուխս:
- Ես սիրում եմ նայել քեզ:
- Միայն նայե՞լ:
Հայացքդ փոխվեց, դարձավ բազմաթիվ փոքրիկ չարաճճի հայացքներ ու սփռվեց բնակարանովս մեկ:
Հիմա ինձ նայում են բազմաթիվ հայացքներ ու ամեն մեկն իր հերթին, իր իսկ հայացքով բղավում էր, որ միակ սերը Ազատության զգացումն է…
Բղավոց, որ առավոտյան հեռանալու եմ ու ետ չեմ շրջվելու՝ տեսնելու քո տագնապած աչքերը:
Հեռանալու եմ, կրկին ետ գալու պայմանով: 
Իսկ եթե չվերադառնա՞ս:
Ես քեզ չեմ գտնի, ինչքան էլ որ ձեռքերս տարածած վազեմ կյանքի բոլոր փողոցներով…
Չե՛մ գտնի:
- Որտե՞ղ ես, ձայն հանիր, գոնե մե՛կ բառ, մե՛կ հնչյուն:
Դու կցանկանաս պատասխանել, քանի որ կլսես ինձ, բայց ինքդ էլ չգիտես՝ որտեղ ես ու դրա համար լուռ կմնաս:
Քո լռությունը կսպանի ինձ…
Որտե՞ղ ես դու…
Որտե՞ղ եմ ես…
Որտե՞ղ ենք մենք…
Վերադարձի՛ր, մնացածը կարևոր չէ…»
* * *
Գրելս չի ստացվում:
Ծերացել եմ երևի:
Այսքան ձեռագիրն ինչպե՞ս եմ համակարգչով անցկացնելու, ժամեր կտևի:
Գործակալությունից էլ արդեն երկու օր է պատասխան չկա, խոստացան, բայց…
Դռան զանգ:
Դռների մեջ ժպտացող մի երևույթ է:
- Գործակալությունից եմ, Լարիսա է անունս, կարելի՞ է ներս գալ:
Ակամայից հայացքս ընկավ մատներին, երկար, գեղեցիկ, երկար եղունգներով, բաց շագանակագույն մանիկյուրով:
Ձեռքով ցույց տվեցի բազմոցը:
Տեղավորվեց բազմոցին ու ուշադիր նայում է:
- Տպում եմ թելադրելով՝ էջն ութսուն դրամ, ձեռագրից՝ հարյուր դրամ:
- Ձեռագրի՞ց, այսինքն:
- Դե տանում եմ տուն, մյուս օրն առավոտյան բերում:
- Չեղա՛վ, կտպեք ձեռագրից իմ ներկայությամբ, ութսուն դրամով, սա թարգմանություն է, մրցութային, ես չեմ կարող թույլ տալ տուն տանելու: Մրցութային գումարը մեծ է՝ 5000 դոլար, այնպես որ…
- Դուք ամեն ինչ ունեք, - ձեռքով ցույց է տալիս բնակարանը,- փողն ինչների՞դ է պետք: Նույնիսկ այսպիսի համակարգիչ ունեք, ժամանակակից:
- Համակարգչից ոչինչ չեմ հասկանում, միայն միացնել գիտեմ, դա ինձ համար բարձրագույն մաթեմատիկա է: Իսկ գումարն անհրաժեշտ է:
- Դաաա…դե լավ կարող ենք սկսել: Ֆրանսերենից եք թարգմանում չէ՞:
Լարիսան պատասխանի չսպասելով նստեց համակարգչի մոտ:
- Դե՞…

* * *
«Վերադարձիր, մնացածը կարևոր չէ…
Երեկ ինձ ոչինչ հարկավոր չէր, ուղղակի քո շուրթերը քսվում էին իմ շուրթերին, ու լեզուդ աֆրիկյան վայրի ցեղերից մեկի պարն էր պարում շուրթերիս…
Հիմա հոգիս դատարկ է, միգուցե խմածս դառը սուրճն է իր ճանապարհին դառնացնում ամեն ինչ, այդ թվում և հոգիս:
Երեկ ինձ ոչինչ հարկավոր չէր, միայն համբուրվել, ուրիշ ոչինչ:
Առանց փոխադարձ սիրո ավելին հարկավոր չէր:
Երեկ սեր չցանկանալու ժամանակն էր, ուղղակի հաճելի էր և վերջ…»

Լարիսան վեր կացավ աթոռից:
- Դուք ճի՞շտ եք թարգմանում, ինչ որ անհասկանալի է, ես ոչինչ չեն ընկալում, ի՞նչ սեր, ի՞նչ համբույր: Ի՞նչ սեր չցանկանալու ժամանակ:
- Այո, ճիշտ է, ես արհեստավարժ գրող եմ, ձեզ՝ երիտասարդներիդ, դժվար է ընկալել այն զգացմունքները, որ…
- Դե լավ, ճիշտ է, տարիքով մեծ եք, բայց տղամարդ եք չէ՞:
- Ոչ, գրող եմ, ի՞նչ տղամարդ, եթե այդպես մտածեմ չեմ հասցնի, մնացել է երկու օր, Ֆրանսիական դեսպանությունը ուշացած չի ընդունի:
- Դա լավ է, որ տղամարդ չեք, այլ գրող, գործը կհեշտանա: Շատ շոգ է, չեմ դիմանում:
Լարիսան հանեց վերնազգեստը, մնաց կրծկալով:
Սպիտակ ժանեկավոր կրծկալը ամուր գրկել էր մեջքը:
- Այ, այսքանը, տպիր ձեռագրիցս, մինչև այստեղ, հետո նորից կթելադրեմ:

«…Երեկ սեր չցանկանալու ժամանակն էր, ուղղակի հաճելի էր և վերջ…
Պետք չէ մտածել՝ արդյոք դու մտածում ես իմ ահռելի չափերի հասնող սիրո մասին, թե ոչ…
Քայլում ես դու իմ ներքին կյանքի փողոցներով՝ սուր կրունկներով ծակծկելով հոգուս ամեն մի քառակուսի սանտիմետր…
Վերջում իհարկե, անձեռոցիկով մաքրում ես շուրթերդ, նորից շրթներկվում ու աջ ձեռքդ բարձրացնելով ասում ես «Հաջողություն»:
Անտարբեր ծամելով մաստակդ հեռանում ես…
Սատանան տանի, ինչ լավ է ստացվում քո մոտ հեռանալը…»

- Ձեռագիրս հե՞շտ է կարդացվում, արդեմ մեկ ժամ է հարցեր չես տալիս:
- Կարողանում եմ կարդալ, լավ ձեռագիր է, քո աչքերը շատ ծակող են, ոչի՞նչ, որ դու-ով եմ դիմում: Մեջքս ծակում ես հայացքովդ, մի նայիր այդպես:
Ես էլ արհեստավարժ կին եմ ու զգում եմ, թե ինչպես ես աչքերովդ շրջազգեստ հանում:
Միայն չասես, թե սխալվում եմ:
- Աշխատելիս սեր չցանկանալու ժամանակն է, Լարիսա,- զգում եմ, թե ինչպես է երեսս այրվում:
- Դեռ շա՞տ կա, այսօրվա համար:
- Այո, բավականին, եթե չվերջացնենք, դա վերջն է:
- Ուզում ես՝ կմնամ, գիշերը կավարտեմ, ինձ սպասող չկա: 
Մոտեցա, ձեռքս դրեցի մերկ ուսին: 
- Իսկ տպածդ որտե՞ղ է լինելու: Էկրանի վրա կթողնես, լա՞վ:
- Այ այս ֆայլն է, տեսնո՞ւմ ես, վերնագիրը՝ «Վախենում եմ»:
Կռացա, որ ավելի մոտիկից նայեմ համակարգչի էկրանին:
Դեմքս մոտեցավ նրա դեմքին ու զգացի, որ ոտքերիս տակից երկրագունդը հեռանում է անտարբեր ամեն ինչի նկատմամբ:
Աջ ձեռքով գրկեց գլուխս, իջեցրեց մինչև կրծքերը:
Ձեռքս փորձեց ազատել նրա կրծքերը կրծկալից:
- Չէ, մի հանիր, այդպես վրայից համբուրիր, այդպես ինձ դուր է գալիս:

«Ես տեսնում եմ քո աչքերի թախիծ մենությունը, աչքերիդ մեջ տեսնում եմ անիմաստ ժամանակն ու խառնված մազերդ…
Ինչ հաճելի է այսպես, գրկած գեղեցկությունը հավատալ և սպասել Երջանկությանը:
Հաճելի է, որ ես դեռ հարյուր տարեկան չկամ… Աստված իմ, շնորհակալ եմ իմ տարիքի համար…Գեղեցիկ է կյանքը, գեղեցիկ, երբ սիրո համար ժամանակը կանգ է առնում: 
Ըմպում եմ ժամանակի դառը սուրճն ու զգում, որ շուրթերիս ուրիշ մի համ է, ուրիշ զգացողություն, բայց ավելի լավ է չմտածել այդ մասին:»

* * *
Ինչ հանգիստ է քնել:
Վերմակը սահել, ընկել է վրայից:
Փորձեցի ծածկել՝ արթնացավ:
- Ինչո՞ւ չես քնում, ժամը քանի՞սն է:
- Ժամն առավոտյան չորսն է: Ինչպե՞ս քնեմ, երբ քո նման գեղեցկությունը մերկ տեսքով անընդհատ ինձ կանչում է, չէի ցանկանում արթնացնել:
- Չե՞ս հագեցել, հանգիստ քնիր, չէ՞ որ երկու օրվա գործը արեցինք, վերջացրեցինք, ես լույսը բացվելուն պես կհեռանամ, գործեր ունեմ: Դե լավ, մի փքվիր, մոտ արի…

Զգացի, որ անկողնում մենակ եմ:
Աչքերս բացեցի: Հյուրասենյակից թույլ մի լույս էր թափանցում՝ համակարգչի էկրանի լույսը:
Զգույշ մոտեցա ու նայեցի ներս:
Լարիսան մորեմերկ նստած համակարգչին էր միացնում մի կապտասպիտակագույն ֆլեշկա:
«Տեսնես ինչի՞ն է պետք»,- անցավ մտքովս ու լուռ վերադարձա անկողին:
Միջանցքից լսվեցին խուլ ձայներ:
Հետո թույլ մի չխկոց:
Երևի պայուսակը բացեց:
Բարձիս տակ շոշափեցի դռան բանալիներն ու աչքերս փակեցի:

Վերադարձավ, լուռ պառկեց:
Մեջքով շուռ եկավ:
Անցավ մոտ մեկ ժամ:
- Լարիս, քնա՞ծ ես:
Պատասխան չկա: 
«Հիմա հանգիստ կքնի, իհարկե»:
Զգույշ քայլերով գնացի միջանք ու մոտեցա պայուսակին:
Բացեցի, ձեռքով շոշափելով գտա ֆլեշկան, վերցրեցի, կռացա, գցեցի կոշիկիս մեջ:

* * *
Աչքերիս առաջ Լարիսայի մեջքն է:
Անկողնուն նստած, հագնվում է:
- Օգնե՞մ, ուզո՞ւմ ես ես կկոճկեմ…
- Ոչ, սիրելիս, հարկավոր չէ:
- Արդեն գնո՞ւմ ես: Առանց սուրճ խմելու:
- Շտապում եմ, հիշո՞ւմ ես չէ ֆայլը, երկու անգամ կկտացնես ու…
Դռան մոտ փորձ արեցի համբուրել, դեմ տվեց երեսը:
- Շրթներկս չմաքրվի, հաջողություն, ես երեկոյան անպայման կգամ:
- Գիտեմ, գիտեմ որ կգաս,- ժպտացի:

«Կյանքին պետք է նայել ինչպես եղանակային երևույթներին, եթե ինչ-որ բան է պատահում, պետք է համարել, որ դա գլխավերևում ժամանակավորապես հայտնված թուխ մի ամպ է: Դե իսկ բնությունը, որպես կանոն, վատ եղանակներ չունի:
Իսկ անձրևն ու քամին…բայց անպայման վերջում արև է լինում:
Չէ՞ որ պետք է հասկանալ, որ բնությունն էլ է հոգնում անընդհատ արևից:
Այնպես որ ուղղակի հարկավոր է ունենալ հովանոց և վերջ…»

* * *
Մոտեցա, միացրեցի համակարգիչը:
Ահա այն ֆայլը…
Փորձեցի բացել… դատարկ էջ էր:
Ծիծա՞ղ, լա՞ց, զավե՞շտ…
Մոտեցա, միջանցքի հատակին դրված կոշիկներիցս մեկի միջից հանեցի ֆլեշկան:
Երբ միացրեցի, պարզ երևաց կապտասպիտակավուն ծանոթ մի ֆայլ՝ «Վախենում եմ» վերնագրով: 

«Քո լռությունը կսպանի ինձ…
Որտե՞ղ ես դու…
Որտե՞ղ եմ ես…
Որտե՞ղ ենք մենք…
Վերադարձի՛ր, մնացածը կարևոր չէ…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել