Նախորդ տարին հայկական բռնցքամարտի համար, մեղմ ասած, անբարեհաջող տարի էր, պատճառի մասին խոսելն ավելորդ է, քանի որ բազմիցս է արծարծվել այդ թեման: Բազմաթիվ խախտումների շնորհիվ ֆեդերացիայի նախագահի աթոռը զավթած Արթուր Գևորգյանը, չնայած բռնցքամարտի աշխարհի անվանիների բողոքներին, չէր ցանկանում ընդունել պարզ ճշմարտությունը, որ իր՝ ՀԲՖ նախագահի պաշտոնում հայտնվելը լեգիտիմ չէ:
Արդյունքում խնդիրն այն աստիճան խորացավ, որ անգամ միջամտեցին ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը: Այս պարագայում ևս Արթուր Գևորգյանը, ժողովրդական լեզվով ասած, չէր ցանկանում «կողքի ընկնել» և շարունակաբար կոկորդ պատռելով հայտարարություններ էր տարածում, թե այս ամենն իր անձի դեմ ուղղված հակագործողություններ են: Իրականում սպորտի և կոնկրետ այս դեպքում՝ բռնցքամարտի ապագայով մտահոգ անձանց և կառույցների գործողություններն ամբողջությամբ տրամաբանության սահմաններում էին և արտահայտում էին իրավիճակի օբյեկտիվ պատկերը: Հնարավոր չէր հետագա զարգացում և առաջխաղացում ապահովել բռնցքամարտում, եթե ֆեդերացիայի նախագահն անձնական ամբիցիաներով է առաջնորդվում՝ ստորադասելով իր շահերին համընդհանուրի շահը: 
Խախտումների վերաբերյալ արձանագրություններն ու հայտարարությունները շատ էին, ամեն ինչ հասավ նրան, որ հայաստանյան կառույցները դիմեցին ԱԻԲԱ-ին (բռնցքամարտի միջազգային ֆեսերացիա), որպեսզի համապատասխան փորձաքննություն անցկացվի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ և տրվի եզրակացություն: Նախքան եզրակացությունը կլիներ, ՀԲՖ «ընտրված» նախագահ Արթուր Գևորգյանն առիթը բաց չէր թողնում հայտարարարելու, թե ամեն ինչ կարգին է անցել, և որ խախտումներ չեն եղել, ինչի հիման վրա էլ հայտարարում էր, թե նոր ընտրություններ անցկացնելու համար բավարար հիմքեր չկան: Այսօր էլ, սակայն, իրեն հոգեհարազատ դարձած սպորտային լրատվականներից մեկին տված հարցազրույցում կրկին անդրադարձել էր բռնցքամարտում տիրող մթնոլորտին ու հակամարտությանը և կրկին չընդունելով իր սխալը՝ այս անգամ էլ հայտարարել է, թե ներքին օրենսդրությամբ պետք է հարցը լուծվի այն դեպքում, երբ նախկինում իր՝ նախագահ լինելու հանգամանքն ամեն կերպ փորձում էր լեգիտիմացնել ԱԻԲԱ-ի կողմից իրեն ուղղված շնորհավորանքով:
Այս ամենն էլ ունի իր բացատրությունը. նախքան տոները ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարություն էր տարածել, որին կից հրապարակվել էր ԱԻԲԱ-ի կողմից նամակ, որտեղ նշվում էր, որ ՀԲՖ նախագահի ընտրություններն անցկացվել են խախտումներով, և որ կարիք կա դրանք, ԱԻԲԱ-ի նորմերի ու կանոնակարգի համաձայն, կրկին անցկացնելու, հակառակ պարագայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի ճանաչվելու ԱԻԲԱ-ի կողմից: Արթուր Գևորգյանն էլ, արդեն իսկ տեսնելով, որ փաստացի անգամ միջազգային կառույցն է արձանագրել իր մախինացիան, հիմա էլ փորձում է ներքին օրենսդրության վրա հղում անելով կառչած մնալ աթոռից: Կարծում ենք՝ արդեն իսկ ամեն ինչ պարզ է, և բնականաբար, Արթուրի՝ ՀԲՖ նախագահի պաշտոնում մնալն արդեն իսկ կասկածից դուրս է, և որքան էլ նա փորձի կախվել փրփուրներից, միևնույնն է, նոր ընտրություններն անխուսափելի են: Սրա մասին էինք ժամանակին խոսում, երբ Արթուրին հորդորում էինք ժամանակավրեպ հայտարարություններ չանել և սպասել փորձաքննության արդյունքներին, իսկ հիմա, երբ արդեն ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, Արթուրը հայտնվել է խեղկատակի կարգավիճակում ու ավելի է ծանրացնում իրավիճակը՝ շարունակելով հակասական հայտարարությունների շարքը:
Դե ինչ, կարծում ենք՝ բռնցքամարտի ապագան այսքանով պարզեցվեց, և այն զարգացման նոր շրջափուլ է մտնելու։ Հայաստանը բռնցքամարտի աշխարհում դեռ շատ ասելիք կունենա՝ ի հեճուկս Արթուր Գևորգյանի, ում ճիրաններում հայկական բռնցքամարտը դադապարտված էր հետընթացի և կործանման: 
Արդեն վստահաբար կարելի է ասել, որ մոտ ապագայում ականատես կլինենք ՀԲՖ նախագահի նոր ընտրություններին, որտեղ, իրավամբ, պահպանելով ԱԻԲԱ-ի կողմից սահմանված բոլոր նորմերն ու կանոնները, կընտրվի նոր, բարեխիղճ և բռնցքամարտի ապագայով մտահոգ նախագահ, ինչի համար էլ այսքան ժամանակ պայքարում էին բռնցքամարտի աշխարհի անվանիները:

ՀԳ. Ընդհանուր առմամբ, Գևորգյան Արթուրի դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է մեկնաբանել, քանզի բոլորն էլ գիտեն, թե տարիներ շարունակ նա ում միջոցով և ինչպես է մնացել ՀԲՖ նախագահի պաշտոնում, և հիմա, երբ նրա աներ Գասպարյան Վովան այլևս չի կարող «անձեռնմխելիություն տալ» Արթուրին, ակնհայտ երևում է նրա իրական դեմքը՝ բռնցքամարտի համար ոչ մի նշանակալի բան չարած, բռնցքամարտի ֆեդերացիան սեփական բիզնես շահերին ծառայեցրած, ֆեդերացիան թալանած և 10 տարուց ավելի բռնցքամարտը ճահճում և կեղծիքի մեջ թաղած մարդ, ով սեփական ես անգամ չունի: Ինչպես վստահել բռնցքամարտը նմանին, երբ անգամ ԱԻԲԱ-ն է դրան դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել