Հիմա, նայելով այս նկարին, մտածում ես` բա մեզ մոտ աղբահանությունը վերջապես ե՞րբ կլինի ահա այսպես, ինչպես որ ամենուրեք Եվրոպայում է։ Տարիներ շարունակ այս հարցը բոլորիս կողմից էլ բարձրացվել է, որ կոնկրետ Երևանում խայտառակ վիճակ է, և այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են գլոբալ մոտեցումներ ու երկարաժամկետ լուծումներ, այլ ոչ թե զուտ իրավիճակային և ժամանակավոր, սակայն այդ ամենն ընդամենը եղել է ձայն բարբառոյ յանապատի։ Մոգոնվեց «Սանիթեք» կոչվող թյուրիմացությունը` որպես ամեն ինչը քողարկելու վարագույր և անհրաժեշտության դեպքում նաև` քավության նոխազ դարձնելու համար։
Այո՛, մեզ մոտ աղբահանության վիճակը մնացել է սովետական վերջին ժամանակաշրջանի տխուր մակարդակին։ Արդյոք երբեւիցե խնդիր դրվե՞ց աղբահանության համար արտադրել միատիպ հատուկ պլաստիկե պարկեր, որ աղբը բնակարաններից դուրս հանվի դրանց մեջ միայն։ Կամ դրսում և բակերում տեղադրել վերջապես սորտավորված աղբի աղբամաններ, իսկ բակերի աղբամաններն իրենց հերթին տեղադրել փակ տարածքում` բոլոր բնակիչներին բաժանելով այդ տարածքի դռան կողպեքի բանալիները։
Եւ հետո` այս տարիներին ոչինչ չի արվել նոր սերնդին դաստիարակելու այնպես, որ նա շենքի մուտքը, բակն ու փողոցը նույնանման իր սեփական տան տարածքի պես ընկալի։ Այդ ամենը պետք է մի օր սկսել իրականացնել, քանի որ ոչ ոք դա մեր փոխարեն հաստատ չի անելու երբեք։