Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է անօդաչու թռչող սարքերի մասնագետների պատրաստման ուսումնամարզական նոր կենտրոնի բացմանը:
Կենտրոնի նպատակն է պատրաստել ԱԹՍ-ների մասնագետներ ադրբեջանական բանակի համար: Հասանովը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու սարքավորումներին:
2016թ.-ի ապրիլին Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։
Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել է այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուներն այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։
Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել. կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին՝ շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։