Հոսում են սերիալների քաղցր-մեղցր, դառն-կրիմինալ երկխոսությունները: Չորացնելով ամեն կենդանի բան: Բայց չնայած դրան՝ աղջիկները սիրահարվում են, տղաները ասպետանում են: Սրտերը ճոխանում են սիրով, մատները մատներ են փնտրում, աչքերը աչքեր են գտնում: Մանուկները ծնվում են և նստած ոսկե սայլակների մեջ՝ պտտվում են Երևանի փողոցներով, ու ստանում ավելի շատ փառք ու պատիվ, քան Եգիպտոսի փարավոնները:
Հոսում են ռաբիզի պղտոր վտակները, ձգվում են «աստղիկների» ռետինե ձայները, հնչում են անպարելի պարեր և աներգելի երգեր… Բայց չնայած դրան՝ էն բարձր լեռներում ծանր գովընդի մեջ են մտնում հասուն կանայք, մանկամարդ աղջիկներ: Շարակնոցի ոսկե պատառիկները ցողվում են վանքերի խորաններին:
Ամենուր – քաղաքի մայթերին, կիսամութ մուտքերում, լսվում է մի թշվառ ժարգոն, պատանիները խոսում են մի կիսամեռ լեզվով: Բայց չնայած դրան՝ 12-ամյա աղջնակը բանաստեղծություն է գրում, Տերյանը «հարյավ» հազարավոր հոգիների մեջ, Չարենցի մարմարյա բառերը ամեն օր կառուցում են մեր հոգին:
Չնայած ամեն ինչի, չնայած մեզ պատած մթին՝ մենք ապրում ենք… Մանուկները նստած են ոսկյա սայլակների մեջ: Մանկամարդ աղջիկները ծանր գովընդ են պարում: Մայր լեզվի մարմարյա բառերը զորացնում են մեզ:
Պինդ կացե՜ք:
Լեւոն Դռնոյան
4 հունիսի 2013թ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4368924001786?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել