Հունիսի 3-ին մեկնարկեց  «Bike-a-thons» 14-րդ հեծանվարշավը, որն այս տարի կրում է «Սքանչելի Հայաստան ուղևորությամբ» անվանումը: 16` արտասահմանից ժամանած 6 հայրենակիցների եւ Հայաստանի հեծանվավազքի  խմբի 10  հեծանվորդների արշավախումբը 5 օրում կանցնի շուրջ 350 կմ հետեւյալ երթուղով՝  Երևան -> Ապարան  -> Վանաձոր  -> Իջևան  -> Սևան -> Երևան:

 Այս տարի արշավի նպատակը Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների գործունեությանն ուշադրություն դարձնելն է. «Նրանք համաշխարհային մասշտաբի գործ են անում, որը գնահատվում է ՆԱՍԱ-ի եւ Եվրոպայի տիեզերական գործակալության կողմից: Մեր նպատակը նրանց գործունեությունը հանրայնացնել է: ԱՄՆ-ից ժամանած հեծանվորդների օժանդակությամբ մի քիչ գումար ենք հանգանակել` ինստիտուտի շենքային եւ գույքային պայմանները բարելավելու համար»,-ասում է «Bike-a-thons» արշավի համակարգող Անահիտ Երեմյանը: 

Հեծանվարշավի մտահղացումն ամերիկաբնակ Վաչե Սողոմոնյանինն է, ով «Հույսով լի Հայաստանի համար հեծանվարշավախմբի» ղեկավարն է. «5 օր հեծանիվով պետք է շրջենք Հայաստանով: Սա իմ 14-րդ արշավն է: Ամբողջ Հայաստանն անիվ առ անիվ շրջել եմ: Այս տարի կարողացանք 30 հազար դոլար հանգանակել: Առաջին տարում 1 միլիոն հարյուր հազար էինք հանգանակել, որով Ղարաբաղի գյուղերից մեկում տնկարան կառուցեցինք: Այսօր այդ տնկարանն արդեն 35 հա է, որտեղ  շուրջ 25 ընտանիք է աշխատում…»,-ասում է Վաչե Սողոմոնյանը:
Արշավախմբի ամենափոքր մասնակիցը 13 տարեկան է, իսկ ամենատարեցը` 80: Հենց արշավի շրջանակում Վաչե Սողոմոնյանը կնշի իր 80-ամյա տարեդարձը: 
Արշավականների Երեւան  վերադարձը նախատեսված է հունիսի 7-ին՝ 13:00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակ:
Միջոցառման վերաբերյալ մանրամասներ են հրապարակված www.crdfriends.org կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել