Էլ ի՞նչ պիտի լինի այս փոքրիկ Հայաստանում, որ ՀՀԿ-ն հայտարարի, որ վերջապես հասկացել է` կառավարման ճգնաժամ ունի, արժեքների ընկալման խնդիր ունի, ԱԺ-ում շատ են «գողականները» (հղումը` ոստիկանապետին), որ իր կադրային քաղաքականությունը խայտառակաբար երկրի, պետության և հասարակության դեմ է, որ ինքն անկարող է օլիգարխների (տնտեսական`սամվելաալեքսանյանական, տիգրանհայրապետյանական..., մանգասարյանական, մայրապետյանական, կճոյանական...քաղաքական` ՀՀԿ-ն բացարձակ մոնոպոլ քաղականություն է անում) քմահաճույքը չբավարարել, որ թե ընտրված (քաղաքապետ, գյուղապետ` վարդանղուկասյաններ), թե նշանակովի (մարզպետներ` սուրենխաչատրյաններ) պաշտոնյաները կոպեկի արժեք չեն տալիս չէ թե մեր հասարակությանը, այլ հենց ՀՀԿ-ին... Ամբողջ ՀՀԿ-ում, սակայն, չկա մեկը, որ համարձակվի այս հարցերը բարձրաձայնել: Այսպես վախեցած կազմով ինչպե՞ս է ՀՀԿ-ն կարողանալու կոլեգիալ որոշումներ ընդունել ճակատագրական պահերին: Հո չեն կարող ստրկային ենթակայության վարժված ՀՀԿ-ականները առյուծ կտրել և որևէ պահի խղջի մտոք որոշում կայացնել: Մնացած ամեն ինչից զատ նրանք ետ են վարժվել մտածել, փաստարկել... Ողջ բառամթերքը հարմարեցված է առաջնորդի արտահայտած մտքերը գովերգելուն և դրանցով հիանալուն: Եվ տեղի-անտեղի հիշեցնելու, որ «ինչպես որոշել է մեր նախագահը...»: Ի՞նչ է սա` մանկամտության համաճարա՞կ, թե՞ ավանսով պատասխանատվությունից խուսափելու անհաջող պահվածք: Եթե վաղը նախագահը Լիսկային թողնի զոհասեղանին, կհիանան նախագահի սկզբունքայնությամբ, եթե հովանավորի, կսկեն փաստարկել անմեղ զոհի նկատմամբ հասարակական անհունդորժողականության բացասական հետևանքների մասին, իսկ եթե նախագահը որևէ կերպ չմիջամտի դեպքերի ընթացքին, և Լիսկան ինքը լուծումներ գտնի իրավապահ համակարգի հետ, անտարբեր դեմքերով կմոռանան Լիսկային... Վերջին տարբերակը կարծես թե շատերին է ձեռ տալիս: Իսկ կառավարման ճգնաժամը կխորանա ավելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/202779529874331?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել