«Իմաստ կա՞ փոխելու վարչակարգերը, եթե չեն փոխվում մարդիկ ու բարքերը»․ Պիեր Բուաստ
Ճշմարիտ հեղափոխությունն ինքնասպառված գաղափարների նկատմամբ խորհրդագործական նոր գաղափարների հաղթանակ պիտի նշանակի:
Մեր հեղափոխությունն ընթացավ իր կյանքն ապրած արժեհամակարգի խորհրդանիշների, նրա հողեղեն դրսևորումների մերժման (մերժիր սերժին), ԲԱՅՑ ոչ բուն արժեհամակարգը ժխտելու տրամաբանությամբ: Տասնյակ տարիներ մեր ընթացքը պայմանավորած և մարդկային չափողականություններում մեր հետաճի գլխավոր պատճառը հանդիսացած արժեհամակարգի ճշմարտացիությունը մնաց կասկածից վեր ու անքննելի: Մենք մերժեցինք հետևանքները՝ չանդրադառնալով խորքային պատճառների բացահայտմանը, մենք ժխտեցինք երևույթը՝ չփորձելով հասկանալ այդ երևույթը ծնածի բուն էությունը: Կարծում եմ՝ նաև սա էր պատճառը, որ ո՛չ հեղափոխության ընթացքում և ոչ էլ նրանից հետո, մեր տարիներ շարունակվող բարքերի անկումը, մեր աննախադեպ բարոյական հետաճը կասեցնող սակրալ որևէ գաղափար չմակածվեց, մեջտեղ չհանվեց:
ԵԹԵ հասարակական գիտակցության մեջ չի ձևավորվում եղած եսակենտրոն համակարգից այլ՝ նյութից կտրված արժեհամակարգի անցնելու, ուրիշ կերպ ապրելու, մարդու մեջ նոր բնավորության գծեր դաստիարակելու, «վերստին ծնվելու» ձգտումը, արժեհամակարգ, որտեղ առաջնայնացված կլինեն ավելի շատ տալու, քան վերցնելու հոգեբանությունը, որտեղ «անհատական նպատակները մինչև վերջ դուրս կշպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից» (Ն.Փ.), որտեղ մարդկային առաքինություններն ընդօրինակման արժանի գաղափարներից վերածված կլինեն ճանաչված ու հաստատված փաստերի, որտեղ վերացած կլինի իրականության և մտածողության, ձևի և բովանդակության, երևույթի և էության միջև գոյություն ունեցող անդունդը, ԱՊԱ որևէ վսեմ նպատակ, որևէ ազնիվ գաղափար՝ լինի դա երկրում արդարություն հաստատելը, կաշառակերությունն արմատախիլ անելը, տնտեսական թռիչքային զարգացում ապահովելը, պարենային ինքնաբավության հասնելը, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելը..., գուցե ձևականորեն՝ այո, սակայն խորը բովանդակային առումով չեն կարող իրականանալ:
Արժեհամակարգային հեղափոխություն․ սա պիտի լինի մեր հեղափոխության առաջնորդ Նիկոլի, մեր կառավարության ղեկավար պարոն Փաշինյանի գլխավորագույն նպատակը: