168.am-ը գրում է․

Մադրիդի Պրադո ազգային թանգարանը ձեռք է բերել իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828 թթ.) նամակը, որը նա գրել էր իր մտերիմ ընկերոջը՝ արագոնցի ունեւոր կոմերսանտ Մարտին Սարատերին (1747-1803 թթ.): Այդ մասին հայտնել են թանգարանի վարչակազմում:

Նամակը թվագրված է 1790 թվականի նոյեմբերի 10-ով, երբ Գոյան Սարագոսա ուղեւորությունից հետո վերադարձել էր Մադրիդ՝ տեսակցելու Սարատերի հետ: Նկարչի ուղերձը Պրադոյի վրա նստել է 85 հազար եվրո: Ինչպես ճշտել են թանգարանում, նամակը գրվել է աճապարանքով, քանի որ այդ պահին Գոյան հոգեբանական ծանր վիճակում էր իր որդու հիվանդության պատճառով:

Թանգարանի փորձագետները կարծում են, որ ձեռք բերված «փաստաթուղթը կարեւոր է Գոյայի՝ որպես արվեստի գործչի եւ մարդու ճանաչման համար»: Պրադո ազգային թանգարանը պաշտոնապես բացվել է 1819 թվականին Ֆերդինանդ թագավորի (1784-1833 թթ.) կողմից: Ներկայում Պրադոն կերպարվեստի եվրոպական խոշորագույն թանգարաններից մեկն է:

Այդ մշակութային կենտրոնի հավաքածուում, մասնավորապես, պահվում են Դիեգո Վելասկեսի (1599-1660 թթ.) եւ Էլ Գրեկոյի (1541-1614 թթ.) աշխատանքների հարուստ ժողովածուները: Սոֆյա թագուհու մադրիդյան Արվեստների կենտրոնի հետ միասին Պրադոն հանդիսանում է Իսպանիայի ամենաշատ այցելվող թանգարանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել