Operativ.am-ը գրում է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է,որ Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է, դասերը նորմալ հունով են ընթանում:

«Բոլոր բարձրացված մտահոգությունները մանրակրկիտ ստուգվել են հատուկ այդ հարցով կազմավորված հանձնաժողովում, և անիմաստ էր այլևս նման պայքար տանել։ Արդեն կապրիզների դաշտից էր, որ մարդիկ ասում էին` չէ, մենք չենք ուզում նոր տնօրենին, մենք ուզում ենք մեր հին տնօրենին, բայց իրավական երկրում, ժողովրդավարության պարագայում այդպիսի կանխակալ մոտեցումներով կամ ճաշակով չեն առաջնորդվում․ ինստիտուտները պետք է գործեն վերջապես: Դա նաև որոշիչ էր այլ դպրոցների համար, որ այլևս «դաբրոներով», ճնշումներով և արտաքին միջամտություններով տնօրեններ չպիտի նշանակվեն, փոխվեն մեր երկրում և մասնավորապես Կոտայքի մարզում: Դրա վառ ապացույցը նաև վարչապետի քաղաքական քայլն էր` անձամբ գալ դպրոց, բոլոր կողմերի հետ քննարկել, բոլոր կողմերի հետ առերեսվել և բոլորին դա բացատրել»,- ասաց Կոտայքի մարզպետը:

Ավելի վաղ հայտնի էր,որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված տնօրեն Աննա Բալյանի և կառավարման խորհրդի անդամների հետ:

Դպրոց էին եկել նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ծնողները պահանջում էին, որ շարունակի պաշտոնավարել նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը:

Դպրոցում խորհրդակցություն էր տեղի ունեցել բոլոր կողմերի մասնակցությամբ: Ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը հայտնել էր, որ մյուս թեկնածուի կողմից խորհրդի անդամների հանդեպ ուղղորդում է եղել՝ ճնշումներ: Նույնը պնդել էր նաև ընտրված տնօրեն Աննա Բալյանը:

Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնել էր, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ հնչեցրել:

Վարչապետը, լսելով կողմերին, նշել էր, որ իրավական առումով որևէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետը պետք է նշանակի Աննա Բալյանին: Փաշինյանը նաև իրավապահ մարմիններից պահանջել էր քննել և հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների վրա: Փաշինյանի որոշումը ներկաներին չէր գոհացրել և նրանք որոշել էին շարունակել պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել