Գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց ամիս առաջ՝ ս.թ. հունիսի 19-ին:
Նա հունիսի 16-ից եղել է արգելանքի տակ:
Արդյո՞ք նշված ժամանակահատվածը բավարար չէր, որ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրականացվող նախաքննությունն ավարտվեր, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեր դատարան՝ ըստ էության քննելու:
Ցավոք, պետք է արձանագրել, որ ողջամիտ ժամկետում գործերի քննության տխուր ու ողբերգական ավանդույթը շարունակվում է:
Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ իրավապահ համակարգի որոշ շրջանակների կողմից միտումնավոր կերպով իրականացվում է սաբոտաժ՝ անվստահություն սերմանելով իրականացվող գործընթացների նկատմամբ:
Դատախազության կողմից կա՞ արդյոք որևէ հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորված պատճառաբանություն, թե ո՞րն է պատճառը, որ քրեական գործերի վարույթն իրականացվում է ամիսներով ու տարիներով:
Ձեր սրբազան իրավունքն է. մի՛ երկարացրեք նախաքննության ժամկետները անհիմն կերպով երկարացնելու վերաբերյալ քննիչների կողմից բերված միջնորդությունները, դատավարական ճիշտ ու հստակ ցուցումներ տվե՛ք վարույթն իրականացնող մարմիններին, Ձեր իրավասության սահմաններում հետևե՛ք գործերի քննության ընթացքին, տեսնեմ՝ ժողովուրդը դուրս կգա՞ փողոց՝ փորձելով Ձեր ու դատարանի փոխարեն որոշումներ կայացնել:
Դուք չե՞ք հասկանում, որ Ձեր անգործության հետևանքով ստեղծում եք անարխիայի մթնոլորտ:
Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ Ձեր փոխարեն ժողովուրդը սկսի որոշել, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, ո՞վ պետք է դատվի և ո՞վ դուրս գա բանտից...
Իսկ ո՞ւր կորան Սահմանադրությունը, օրենքը, դատարանը, վերջապես, պետությունը...
Երիցս պնդում եմ, որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա է արմատական փոփոխությունների՝ վերից վար․․․